Չարենցի սույն քառահատորն ընդգրկում է նրա ապրած տարիներին տպագրված և անտիպ մնացած չափածո ժառանգությունը (բանաստեղծություններ, շարքեր, պոեմներ) և օրագրեր: Տպագրված երկերը ժամանակին լույս են տեսել գրողի երկհատորյակում (Մոսկվա, 1922), առանձին գրքերում, ՙԷպիքական լուսաբաց՚ (1930) և ՙԳիրք ճանապարհի՚ (1933–1934) ժողովածուներում, այնուհետև ընդգրկվել վեցհատորյակում (1962–1968, կազմող՝ Ալմաստ Զաքարյան): Չարենցի կյանքի օրոք չտպագրված ժառանգությունն ամփոփված է ՙԱնտիպ և չհավաքված երկեր՚ (1983, կազմող՝ Անահիտ Չարենց), ՙՆորահայտ էջեր՚ (1996, կազմող՝ Դավիթ Գասպարյան) և ՙԳիրք մնացորդաց՚ (2012, կազմող՝ Դավիթ Գասպարյան) հավաքածուներում: Սույն հատորում ընդգրկված են 1910–1920-ական թվականների ստեղծագործությունները: Հասցեագրված է բոլորին, բոլորին, բոլորին...
Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, 1897, մարտ 13 (նոր տոմարով՝ մարտ 25), 1937, նոյեմբերի 27), 20-րդ դարի հայ հանճարեղ բանաստեղծ։ Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։ Չարենցը ծնվել է 1897թ-ին Կարսում, այլ տվյալներով` Պարսկաստանի Մակու քաղաքում։ Կարսում Չարենցի տունը մինչև օրս կանգուն է։ 1915-ին նա զինվորագրվում է Քանաքեռում կազմավորվող հայկական կամավորական խմբերին և որպես սանիտար, նաև որպես կռվող զինվոր հասնում է մինչև Վան։ 30ականներին Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի Ռուսաստան, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։ Խաչիկ Դաշտենցին Չարենցը ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։