Ագաթա Քրիստիի «Էրքյուլ Պուարոյի Սուրբ Ծնունդը» ընթերցողին արդեն քաջ հայտնի բելգիացի մասնավոր խուզարկուի մասնակցությամբ հերթական դետեկտիվ վեպն է: Վեպն առաջին անգամ հրատարկվել է 1938 թ. Մեծ Բրիտանիայում: Իսկ հետագայում ԱՄՆ-ում հրատարվել է նաև «Սուրբ Ծննդի մարդասպան» և «Տոն մարդասպանի համար» վերնագրերով: Այս անգամ Էրքյուլ Պուարոն կանգնում է ընտանեկան ողբերգության հանգուցալուծման խնդրի առջև: Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին «Գորստոն Հոլ» առանձնատանը՝ սեփական սենյակում փակված, ընտանիքի անդամները հայտնաբերում են միլիոնատեր Սիմեոն Լիի մարմինը՝ ամբողջովին արյան մեջ: Սպանության վարկածն անհերքելի է, սակայն առեղծվածի կծիկը քանդելն այնքան էլ հեշտ չէ: Չէ՞ որ սպանության զոհին գրեթե բոլորը ատում էին: Իսկական ժամանակն է գորշ բջիջները գործի դնելու:
«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն ու կերպարները կերտած այս բրիտանացի վիպասանը աշխարհին նմանը չունեցող ժառանգություն է թողել
Օյ, պետք է խոստովանեմ, որ տարված եմ Էրքյուլ Պուարոյով ու Ագաթայի՝ իրեն նվիրված գործերով😍 Մինչև այս կարդացածս գրքերի շարքից լավագույնն էր. բոլորին հա կասկածում ես, հետո արդարացնում, հետո էլի կասկածում: Հաճելի լարվածություն կար, իրոք անընդհատ ուզում էի վերջին էջերը բացել ու տեսնել՝ ով է մարդասպանը, բայց հատուկ չէի անում, որ լարվածությունը մնար, ես էլ շարունակեի ինձ մի քիչ էլ դետեկտիվ զգալ🥰
Իմ առաջին ծանոթությունն էր Ագաթայի հետ: Փորձն ինձ դուր եկավ և շարունակում եմ իր գրքերը բացահայտելը։ Գուշակել էի ընթացքում՝ ով է մարդասպանը, սակայն չէի հասկացել ինչպես կարող էր իր գործն անել և մնալ աննկատ։ Ինչևէ հետաքրքիր էր գիրքը և այն կարդացի օրում, նման դեպքերում կարելի է ասել մի շնչով կարդացվող գիրք էր։
Ագաթայի այս գրքում բախվում ենք հեղինակին ոչ բնորոշ արյան ծովի հետ։
Սուրբ Ծնունդի նախօրեին իր սեփական տան մեջ, առանց որևէ կասկած թողնելու սպանել էին գրքի հերոսներից մեկին։
Իսկ թե ո՞վ էր սպանել, պարզում էր Էրքյուլ Պուարոն։ Ինչպես միշտ յուրաքանչյուր հերոս ուներ իր գաղտնիքը, որը վերջում բացահայտվեց։ Բայց ամենամեծ գաղտնիքը հենց հանցագործինն էր, չէ որ նա մեկի փոխարեն ուներ երկուսը։
Հանցագործին գուշակել էի։ Այս անգամ Ագաթայի տված հուշումները չէին վրիպել աչքիցս։
Թերևս այս գիրքն ինձ համար դարձավ Ագաթայի լավագույն գործերից մեկը։