Ասում են` մահվան հրեշտակը, որ գալիս է մարդու մոտ` նրա մարմինը հոգուց բաժանելու համար, ամբողջովին ծածկված է աչքերով: Ասում են նաեւ, որ այդքան շատ աչքերը հրեշտակի համար չեն, ով ամեն ինչ տեսել է երկնքում: Լինում է այնպես, որ մահվան հրեշտակը, գալով հոգու հետեւից, համոզվում է, որ շատ վաղ է եկել, որ մարդու համար դեռ չի եկել կյանքը թողնելու ժամանակը: Նա չի դիպչում մարդուն եւ չի երեւում նրան, բայց նրան լքելուց առաջ թողնում է իր անթիվ աչքերից եւս երկու աչք:
Հովհաննես Իշխանյանի պատմվածքների հերոսները կյանքին նայում են սխալ ժամանակ եկած մահվան հրեշտակի պարգեւած հավելյալ աչքերով: Հայտնի էլ չի` այն, ինչին հերոսները նայում են, կյա՞նքն է, թե՞ մահը, բանա՞կը, թե՞ քաղաքացիական կյանքը: Հստակ պատասխան չկա: