Այս պատմությունը հեղինակը չի հորինել: Մեր օրերի մի դրամա է, միայն թե փոքր-ինչ անսովոր։ Փոխված են հերոսների անունները, քանի որ նրանք բոլորը կան՝ բացի մեկից: Եվ հենց այդ մեկի մասին է այս վեպը: Վեպի մոտիվներով նկարահանել է «Ապրեցեք երկար» ֆիլմը:
Շահեն Թաթիկյանը ծնվել է 1924 թվականին, Թիֆլիսում։ 1941 թվականին տեղափոխվել է Երևան, ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1942 թվականին մեկնել է բանակ, 1944 թվականին ծանր վիրավորվել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։ 1945 թվականին շարունակել է ուսումը համալսարանում և 1947 թվականին ավարտել այն։ Աշխատել է վաղ պատանեկությունից, եղել է խառատ, գրաշար, սրբագրիչ, եղել է որպես խմբագիր ռադիոյում, հրատարակչությունում, գրական աշխատանք է կատարել թերթերում։ Տպագրվել սկսել է 1947 թվականին։
Գրքի հիմնական հերոսները Վիկտորիան ու նրա նախկին սկեսրայրը` Սեդրակ Բարոյանն են։
Պատմությունը պտտվում է փոքրիկ Դոնարայի շուրջը, ով ըստ բոլորի Վիկտորիայի ու Սիմոնի` Բարոյանի որդու դուստրն է։ Վիկտորիան ուզում է, որ Սիմոնը ճանաչի երեխայի հայրությունն ու տանի իր հետ։ Դոնարան ծնվել էր նրանց ամուսնալուծությունից հետո։ Իսկ ո՞րն էր պատճառը, որ Վիկտորիան օր առաջ ուզում էր, որ Դոնարան ապրեր հոր հետ։ Չեմ ասելու, որ գրքում գտնեք։
Գրքի սկզբում երկու հերոսների հանդեպ էլ վատ էի տրամադրված, քանի որ Վիկտորիան էգոիստ, ինքնահավան, շահամոլ կնոջ տպավորություն էր թողնում, իսկ Բարոյանը` չոր, կոպիտ մարդու։ Բայց գրքի ընթերցման ընթացքում այնքան սիրեցի հերոսներին, որ ասես հարազատ դարձած լինեին։
Ուղղակի անհնար էր չսիրել այս հերոսներին, երբ բացահայտվեցին շատ հարցերի պատասխաններ։ Երբ Սեթ Սիմոնիչը Վիկտորիային սկսեց հարազատ դստեր պես սիրել ու հոգ տանել, երբ բացահայտվեց Վիկտորիայի ավելի քան մեծահոգի ու բարի կերպարը։
Գիրքը սովորեցնում է, որ անմեղ թվացող մարդիկ կարող են ամենաշատը հիասթափեցնել, իսկ այն մարդիկ, որոնց շատ վատ էին վերաբերվել, մեղադրել էին, ճնշել, իրականում այնքան մեծահոգի են, որ կարող են իրենց անձը դնել մի կողմ ու բռնել իրենց ցավեցրած մարդու ձեռքը` ամենադժվար պահին։
Գիրքը շատ հուզիչ էր։ Կերպարները քիչ էին, ի տարբերություն գրքի հիման վրա նկարահանված սերիալի, որը շատ որակով է նկարահանել Հանրային Հեռուստաընկերությունը։ Խորհուրդ եմ տալիս կարդալ գիրքը, ապա նայել սերիալը։
Արագ ընթերցվող, բայց միևնույն ժամանակ շատ խորը վեպ է: Գլխավոր հերոսների հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունք ունեի սկզբում, բայց արդեն կեսերից ու հատկապես վերջում մեծ համակրանք ու ապրումակցում ծնվեց: Անպայման արժե կարդալ այս գործը:
Գիրք, որը շատ երկար ժամանակ իմ ընթերցացանկում էր, վերջապես ստացվեց ու լսեցի աուդիոտարբերակը։ Խառը էմոցիաներով, մեկը մյուսից անսպասելի իրադրություններով լի գիրք էր։ Թվում էր` Վիկտորիան այս գրքի բացասական կերպարն է, բայց պատմությունն իմանալուց հետո հասկանում ես, որ իր կյանքը լի է եղել ու է դառնությամբ։ Ի՞նչ է սպասվում փոքրիկ Դոնարային։ Սեթ Սիմոնիչը` այդ սառը և հպարտ նախկին զինվորականն ինչպիսին է իրականում։
Ընտանիքը պառակտված է, սակայն կմիավորի՞ այս դժբախտ պատմությունը նրանց, թե՞ ընդհակառակը էլ ավելի կհեռվացնի։ Ընթերցողին այս ամենը հեղինակը բացահայտում է շատ դանդաղ
Բավականին հետաքրքիր գիրք էր։ Գիրքն ինձ համար սև արկղ էր (ընդհանրապես ոչինչ չգիտեի գրքի մասին ։Դ գրադարանում տեսա ուզեցի վերցնել առանց նույնիսկ կարդալու, թե ինչի մասին ա)։ Հաջողված սև արկղ էր։
Բավականին մեծ հետաքրքրությամբ եմ կարդացել ամբողջ ընթացքում։ Պահեր կային, որ ինձ թվում էր բրազիլական սերիալ եմ կարդում ։Դ բայց շատ հետաքրքիր էր։ Բոլոր հերոսները լավ էին նկարագրված։
Ամբողջ պատմությունը մի ընտանիքի մասին է, ովքեր իրարից հեռվացել են ու, գուցե, ընտանիք այլևս չեն կարող կոչվել։ Գրքի դեպքերը պտտվում են Դոնարայի շուրջ, ով շատ խելոք, խելացի ու ակտիվ աղջնակ է։ Հիմնական գործող հերոսները շատ չեն՝ Դոնարան, մայրը (Վիկտորյան), հայրը (Սիմոնը) ու պապը (Բարոյանը):
Գրքում հիմնական երկու սյուժետային գիծ կա․ մեկը ներկայում է, որտեղ Վիկտորյան պահանջում է, որ Սիմոնը ճանաչի Դոնարայի հայրությունը, իսկ մյուսը անցյալի պատմությունն է, որը սկսում է պատմել Վիկտորյան ու որը մեծ նշանակություն ունի։
Շատ հետաքրքիր էին գրքի վերջում Բարոյանի մտքերը, թե ինչ կլիներ, եթե մի օր ամեն ինչ այլ կերպ դասավորվեր, եթե ավելի ԼԱՎ լիներ ամեն ինչ։ Բայց ամեն ինչ չէր լինի էնպես, ինչպես հիմա ա, եթե ժամանակին ամեն ինչ չլիներ էնպես, ինչպես եղել ա ։Դ շատ խառը նախադասություն գրեցի, բայց ուրիշ չգիտեմ ինչպես ներկայացնեմ միտքս ։Դ
Եթե թեթև, հետաքրքիր, մի քանի օրում կարդալու գիրք եք փնտրում, կարծում եմ՝ ինքն ա որ կա ։Դ Ուղեղը չծանրաբեռնելու ու հետաքրքիր բան կարդալու շաաատ լավ տարբերակ ա։ Անպայման փորձեք կարդալ, եթե թեթև ու հետաքրքիր բան եք ուզում։
Հաճելի բացահայտում էր այս գիրքն ինձ համար։ Հեղինակը շատ հետաքրքիր կերպով աստիճանաբար փոխում է ընթերցողի վերաբերմունքը հերոսների նկատմամբ։ Ընտանեկան դրամա, որին կարող են բախվել շատերը։ Պատմությունը ցույց է տալիս, որ չկան անսխալական մարդիկ․ մարդկանց պետք է հնարավորություն տրվի իրենց այլ կողմից տեսնելու ու ճանաչելու, ու այն ինչ հաճախ թվում է անքննելի իրականություն, կարող է շատ սխալական լինել ու կարճ ժամանակահատվածում փլվել։