Վահագն Գրիգորյանի «Թռչունի հոգին» վիպակը անկախության շրջանի հայ գրականության դիմորոշ ստեղծագործություններից է, որում ժամանակի նշաններն ընդհանրացված են էքզիստենցիալ փախուստի գեղարվեստական իրացմամբ, կոլորիտային կերպարներով, սուր հարցադրումներով:
Էս ռիվյուն ուզում եմ սկսել խնդրանքով՝ խնդրում եմ, շատ կարդացեք մեր ժամանակակից գրողներին: Գուցե մեր հավաքական գոյաբանական հարցերի պատասխաններն այդպես գտնենք:
Չգիտեմ՝ ինչ գրել այս վիպակի մասին. էնքան է մտել սիրտս, միքսեռի նման խառնել հոգիս, փաթաթել այն, մի գունդ դարձրել ու մի կողմ շպրտել:
Գրողը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ «Թռչունի հոգին» ծագել է այն մտայնությունից, որ սպանիչ, ճղճիմ միջավայրից մարդն ուզում է (եւ, ընդհանրապես, պե՛տք է կարողանա) բարձր լինել։
Այլաբանական ռեալիզմ. երեւի սա ամենահարմար բնորոշումը կլինի այս վիպակի համար: Պատմությունը երկու հարեւանների մասին է՝ մի գրողի, ով բարձրանում է շենքի տանիք ու այլեւս չի իջնում ներքեւ ու սկսում է թռչել, եւ մի տաքսու շոֆեռի, ով վատ տեսողության պատճառով չի կարող քշել եւ գնում է ֆայլաբազար՝ օրը հազար դրամով բանվորության:
Գրքում ներկայացված է անկախացման շրջանի Հայաստանը՝ իր քաոսով, գողականներով, միտինգներով, ֆայլաբազարով, հազար դրամով բանվորություն անողներով, պատերազմի թողած հետքերով, զավակներին մատաղ արած հայրերով, ովքեր կյանքի ամեն լուծում փնտրում են խմիչքի մեջ...
Գրողը միտինգներին գնացող մարդկանց համեմատում է ոչխարների հետ: Ասում է՝ ոչխարը անմեղ, անպաշտպան, դժբախտ արած է, բայց երբ մարդն է իջնում այդ մակարդակին, ինքն իրեն անպաշտպան վիճակում դնում, դա է ողբերգությունը։ Միտինգների ժամանակ կանգնում են, լսում, թե ինչ են լցնում իրենց ուղեղը։
Վահագն Գրիգորյանը իր հերոսի շուրթերով մեջբերում է Բորխեսի միտքը, որ մենք շարունակ քնած ենք, մի երազից անցնում ենք մյուսին. «Դու ոչ թե արթնացել ես, այլ նախորդ երազն ես տեսնում...»: ... եւ պատմության մեջ ինչ-որ մի պահի հերոսները դադարում են հասկանալ՝ որն է երազ, որը՝ իրականություն, կամ, գուցե, ամբողջը երազ է ... երեւի այսպես է ըմբոստանում մարդու ուղեղը շարունակ իրար հաջորդող վատ իրադարձություններին. դադարում է, հրաժարվում է հավատալ, որ այս ամբողջ քաոսը իրականություն է:
Գրողը ռեալիստական թեմաներից անցնում է հումորի, հետո նորից վերադառնում ռեալականությանը, որը, կարծես, պաշտպանիչ ռեակցիա լինի. իրականությունն այնքան սպանող ու ճնշող է, որ մարդ ենթագիտակցորեն ուզում է մեղմել, գույներ տալ, թույլ տվեք ասել՝ բոցվել այդ իրականության վրա:
Թռչելը վիպակում կեցության ձեւ է դառնում, յուրովի ըմբոստացում: Գոյության ողորմելի վիճակներից, գոյաբանական, կենցաղային հարցերից, խնդիրներից մտքով, հոգով, գործով վեր լինելու մի ձեւ է։ Գլխավոր հերոսը որոշում է թռչել, թեկուզ եւ այդ թռիչքը կործանարար լինի ...
Այս գիրքը չի տալիս պատասխաններ, երեւի թե անգամ հարցեր չի տալիս, այլ գցում է ինքնառեֆլեքսիայի մեջ, մտածում, մտածում, մտածում ես անդադար ...
Մի փոքր վիպակ, բայց շատ խորը։ Այս անգամ ևս Վահագն Գրիգորյանը կարողացավ զարմացնել ինձ։ Այնքան մտածելու և խորհելու նյութ կար։ Կարդացեք Վահագն Գրիգորյան, բացահայտեք մեր կողքին ապրող հանճարին🤍