Մարկ Արենի և Վարս Չարենցի հեղինակած «Դարձյալ սիրո մասին» վեպը հանճարեղ բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սևակի և Յաննի Ապպելի անմահ սիրո պատմությունն է։ Ազգակործան դաժան եղեռնի ծանր օրերին Սևակին փրկություն առաջարկող թուրք պաշտոնյային սառնասրտորեն մերժած Ռուբեն Սևակը գերադասում է դաժան մահը, քան հավատուրացության միջոցով իր կյանքը փրկելը... Որպես սիրո առանձին հուշարձան ներկայացվող «Դարձյալ սիրո մասին» գրքի յուրաքանչյուր էջ լի է հավերժական սիրով ու սիրո իմաստնությամբ...
Մարկ Արեն (իրական անունը Կարեն Մարգարյան) արդի հայ արձակագիր։ Բնակվում է Մոսկվայում և մասնագիտությամբ տնտեսագետ է։ Առաջին վեպը՝ «Ռեքվիեմ Հուդայի», լույս է տեսել ռուսերեն 2006 թ.։ «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն»-ը նրա երկրորդ վեպն է, որը հրատարակվել է հայերեն և ռուսերեն 2008 թ.։
Բավական հատկանշական օրում կարդացի գիրքը՝ ապրի 24-ին, լրիվ պատահական, հանգստի ժամանակ...
Ռուբեն Սևակին ավագ դպրոցից եմ հիշում ու սիրում: Իրեն նվիրված միջոցառում էինք կազմակերպել ու դրանով ավելի տպավորվեց բոլորիս մեջ.
«Ինչո՞ւ, ինչո՞ւ զիս սիրեցիր, Փոքրիկ աղջիկ, քեզի մե՜ղք էր. Փոքրիկ ծոցիդ թիթե՜ռ պետք էր. Դուն ծեր արծի՛վ մի բանտեցիր…»
Ռուբենի ու Յաննիի սերը աղոտ էր տպավորվել, բայց հստակ հիշում էի ազնվական գերմանուհու ու իր երկու որդիների որբանալը...
-Արժե՞ր էս գիրքը կարդալ, ընդհանրապես արդարացվա՞ծ ա իր գոյությունը: -Այո, կարծում եմ հաստատ արժի: -Արդյո՞ք սա իր լավագույն տարբերակն էր: -Հաստատ ոչ:
Սկզբում հեղինակը ներկայացնում ա երկու հերոսների՝ Ռուբեն և Սևակ եղբայրներին ու լավ զարգացնում ա կերպարները, նույն կերպ Յաննի Ապելին ու եղած երկրորդային կերպարները: Սկզբում բավական երկար, դանդաղ, սիրուն պատմվում ա ամենը, ու մեկ էլ ինչ-որ պահի սկսում են արագ-արագ դեպքեր տեղի ունենալ, մի տեսակ չես հասցնում ոչ մեկի հետևից ու կիսատության զգացողություն ա մնում ամեն էջը թերթելիս.
Առաջին ամենամեծ ձախողումը էդ երկու եղբոր առեղծվածի բացահայտումն ա: Ունենալ սյուժեի նման հրաշալի հիմք, դրա վրա կառուցել սիրուն պատմություն ու հետո երկու նախադասությամբ ուղղակի էդ կտորը ավարտել: Մի պարբերության մեջ բացահայտվում ա գլխավոր հերոսի ահռելի սուտը, ինչը իր սիրած մարդը ընդունում ա մոտավոր էսպես՝ «բարկացավ, բայց ոչինչ, սիրում էր»:
հեղինակների մոտ երկու հիմնական խնդիր կար: Առաջինը անցումներն էր. որ միտքը վերցնում էին, զարգացնում, ու որ վերջում պիտի հասնի կուլմինացիային ու գնա արդեն ավարտ, ինչ-որ կարճ ցատկ ա լինում ու հոպ, վերջացավ: Ու երկրորդը խոսակցություններն էին. երկրորդական կերպարների զրույցների հետ խնդիր չունեի, բայց ախր էդ երկու գլխավոր կերպարները՝ Ռուբենն ու Յաննին, մի նորմալ սիրուն զրույց չունեցան իրար հետ: Դու չէիր տեսնում իրենք, օրինակ, իքս բանին ոնց հանգեցին:
Էստեղ մի կարևոր կետ կա, որ մեղմացնում ա շատ բաներ. քանի որ գիրքը իրական փաստերի վրա ա հիմնված, ես հասկանում եմ, որ հեղինակներն ունեցել են նախապես իրենց տրված կմախք, կոնկրետ սահմաններ, ու էդ սահմանների ներսում փորձել են ծաղկացնել պատմությունը, ու սահմաններից շատ դուրս գալ, շատ մանրամասներ «հորինել» չեն կարողացել, բայց էդ դեպքում ախր ինչի՞ էդքան շեշտ դնել բաների վրա, որոնք դու վերջում չես կարող ընթերցողիդ ներկայացնել. ինձ համար սա երկրորդ ձախողումն էր
Օրինակ Ապպելի ծնողների սկզբնական էդ դիմադրության վրա բավական շատ շեշտ դրվեց, հետո սպասելի զարգացում էր՝ ճաշի հրավեր, ու մեկ էլ մի տողով ամփոփվեց՝ «Ամբողջ ընթացքում ոչինչ չխոսեցին...վրա հասավ հրաժեշտի պահը»
Եթե գրքի հիմնական ընթերցողին վերցնենք դպրոցականին, ով նոր ա անցնում/պիտի անցնի Ռուբեն Սևակ, ինքը հրաշալի գործ ա: Իր թեթև ընթացքի, պարզ տեքստի, արագ զարգացող սյուժեի շնորհիվ կարդալու հանդեպ սեր կստեղծի, հետևաբար անպայման խորհուրդ եմ տալիս հիմնական դպրոցի ուսուցիչներին ուշադրություն դարձնել գրքին, ներառել ամառային ընթերցանության մեջ:
Իսկ որպես ավելի փորձառու ընթերցող պետք ա իմանալ, որ շատ պարզ տեքստ ես կարդում, հետևաբար գրքից շա՜տ մեծ ակնկալիքներ չես կարող ունենալ: Բայց եթե Ռուբեն Սևակին ծանոթ չեք, էս գրքով կտպավորվի հաստատ: Դրա համար արժի վերցնել, 1-2 օրում կարդալ, վերհիշել գրողին: Ես այս գրքով կարոտս առա Սևակից🤍