Նորայր Սարգսյանի «Հանրապետություններից երրորդը» վեպն արտաքուստ առօրյա-կենցաղային իրականության դրվագումներով՝ Հայաստանի անկախության շրջանի հոգեբանական պատկերն է: Բնորոշ կերպարներ, տաղտկալիորեն ծանոթ ու կրկնվող կենցաղ ու առօրյա, ստի և պաթետիզմի գերակայությամբ մարդկային շփումներ ու հարաբերություններ, ժամանակներին հատուկ սիմվոլներ, որոնց համադրությունը Հանրապետություններից երրորդն է՝ դարերով երազվածը, չափազանց սիրելի ու մոտիկ, բայց և երբեմն հոգեբանորեն այնքան հեռու, որ կարծես առասպել լինի:
«Հանրապետություններից երրորդը» Նորայր Սարգսյանի երկրորդ գիրքն է: Առաջին՝ «Չինական պատ» ժողովածուի համար նա 2019-ին արժանացել է ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակի:
Պարզվում է հեղինակը գրել է «Պետրոսը» որպես պատմվածք, դրա համար նույնիսկ մրցանակ ստացել, բայց այս գրքում հենց ԱՅԴ Պետրոսը չէ: Գրքում պատմվածքը փոփոխված է, ինձ համար՝ մի քանի անգամ լավացված🤍
Գրքի հիմնական սյուժեն էսպիսինն է. գլխավոր հերոսին, ընկերների մոտ գնալու ճանապարհին բռնում է ինչ-որ զինված մարդ ու ստիպում պատմել իրողությունը: Այս հատվածը ինքս էլ չէի գլխի ընկել, մինչև Անին չասաց. հերոսը մահվան սպառնալիքի տակ սկսում է հորինել...հորինում է Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունը, որը կարդալիս երազում ես դու էլ գրքի մեջ լինել, դու էլ հորինվածքի մեջ լինել, որ ինչ-որ կերպ գաս իրականություն ու տեսնես, որ էդ Հայաստանում չես ապրում...
Գիրքը չունի սկիզբ ու վերջ, չունի լավ կամ վերջաբան. գիրքը մեր օրերի արտացոլանքն է սևով սպիտակի վրա, ուղղակի շատ ավելի սիրուն ոճով, հետաքրքիր մատուցմամբ.
Էնտեղ մի հատված կա, որ Պրոմեթևսը գալիս է սրճարան, հարցնում՝ թե ով է իրենց տերը: Պատասխանում է, թե տիրոջը Մոսկվայում սպանել են, անտեր են մնացել: Ասում է դե որ էդպես է՝ ես կլինեմ Ձեր տերը, ու դառնում սրճարանի տերը...եսիմ, միշտ պիտի զգույշ լինես, որ անտեր չմնաս, որովհետև էդ դեպքում առաջին պատահած Պրոմեթևսը կգա ու տեր կլինի քեզ...
Տղեկը, Գնդապետն ու Թովմասը իմ ամենասիրելի հերոսներն էին...առաջինի հանդեպ էնքան մեղավորություն զգացի: Ողջ գրքի ընթացքում սպասում էի, որ մեկը կգնա ու կազատի իրեն սեփական հարազատի հանձնած ստրկությունից, ու էդ զգացողությունը մնաց հետս անգամ կարդալուց հետո😢
Էս գիրքը գերազանցեց սպասելիքներս ու մի քիչ տխրեցի, որ կարծիքներ չեմ լսել մինչև ընթերցելս: Գիրքը առանձնահատուկ կառուցվածք ունի, ինչը միանգամից գրավեց ինձ ու երևի ամենաշատը հենց դա հավանեցի: Լեզուն կենդանի ա, առանց ավելորդությունների, երբեմն սուր սարկազմով, որ ստիպում ա համ ծիծաղես, համ նեղվես էդ ամենի չափից շատ իսկական լինելուց: Ամենաշատը Պետրոսի պատմությունը հավանեցի, գուցե որովհետև պատերազմի հետ կապված իրադարձությունների հիշողությունները դեռ թարմ են ու ամեն դրվագի հետ կապված կարող ես ծանոթ մեկին հիշել կամ լսած լինել նման մեկի մասին: Հուսահատության զգացում ես ունենում` կարդալով էն իրականության մասին, որ ամեն օր ապրում ես ու արդեն ինքդ էլ գիտես, որ ելք չկա, կենացներ սիրող մեր ազգի միակ փրկությունը գուցե մահն ա ու հա, Գնդապետը չի կարողանալու փրկել Տղեկին:
Գիրք պատերազմի թողած հետքի, մարդկային ցածր բարքերի և իրականության խեղաթյուրման մասին։ Ինձ համար գրքում բոլոր հերոսները պատրված էին։ Մեկը՝ պատերազմում, մյուսը՝ աշխատանքում, երրորդը՝ կյանքում։ Բոլորին համախմբում էր մեկ բան՝ իրենց անձի պաշտամունքը, որը հենց իրենց պարտության հիմքն էր։
Գրքում քննարկվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք մեր առօրյա մասն են կազմում, սակայն մենք ամեն պահի փորձում ենք չտեսնելու տալ դրանք։
👤Պարտվողներ, ովքեր իրենց հաղթող են կարծում։ Ովքեր իրենց կյանքում միայն ֆեյսբուքյան պատի գրառման մեջ են իրականում հաղթել, այն էլ անգամ այդ հաղթանակն է չափից դուրս հարաբերական։
Գրքում շատ հետաքրքիր միտք նկատեցի, որի մասին անպայման պետք է կիսվեմ։
Մի միտք էր հղված, ըստ որի ասվում էր. -Լաց մի եղիր կնոջ նման այն բանի համար, ինչը տղամարդու նման չես կարողացել պահել։ Եվ որքա՜ն շատ բան է նշանակում այս տողը։
Գիրքը մեկ անգամ կարդալու և հասկանալու գործ չէ, այն պետք է միշտ վերընթերցել։
Պարզ, մարդկային, մերօրյա, ավելին քան արդիական ազգային ցավի, անհանգստությունների ու խնդիրների մասին, մի շնչով կարդացվող հրաշալի վեպ, որն ընթերցողի մոտ ներսում թաքցրած զգացմունքներ է արթնացնում, չորացած վերքեր բորբոքում ու սթափեցնում անտարբերությունից մեզ շրջապատող մարդկանց ու նրանց ցավերի նկատմամբ։ Շատ բան չկա ասելու, տպավորված եմ, իսկ դա գլխավորն է ինձ համար, գիրքն ավարտելուց հետո։ <3