Ազատությու՞ն, թե՞ կեղծ ապստամբություն
Կարծես թե տարածված թյուրըմբռնում կա (հատկապես էս վեպի օրինակով), որ գրականության մեջ ազատությունը գռեհիկ լեզվի, քֆուրների, արգելված թեմաների (տվյալ դեպքում՝ ինցեստ, պեդոֆիլիա, թմրանյութեր) պատկերումը պիտի լինի: Բայց ազատությունը արգելվածն անելը չի, այլ էդ արգելվածի մասին էնպես գրելը, որ դա դառնա ճշմարտություն, բողոք, իրերի դրությունը փոխելու կոչ, եթե կուզեք։
Երբ սեռական բռնության, մարդկային դեգրադացիայի և ֆիզիկական հիվանդությունների նկարագրությունները դառնում են ինքնանպատակ, գրականությունը վերածվում ա պաթոլոգիական թանգարանի։ Իսկ դա էն ա, ինչ ես տեսնում եմ Խանջյանի էս վեպում:
Գուցե էդքան էլ ճիշտ չէր Խանջյան գրողի հետ ծանոթությունը սկսել էս վեպով, բայց էս վեպի գոյությունը ու դրա գովեստը արդեն բավարար պատճառ ա ինձ համար, որ էլ չկարդամ Խանջյան:
Եթե Խանջյանը փորձել ա կաֆկայություն անել ու պատկերել խորհրդային հիվանդանոցի դաժանությունն ու աբսուրդը, ապա իր մոտ դա չի ստացվել: Իսկ ստացվել ա գրոտեսկ՝ ոչ թե մարդկանց/կերպարների բնական ճակատագրերով, այլ հեղինակի կողմից հավաքված ամենասարսափելի դրվագներով։ Արդյունքում՝ ընթերցողը ապշում ա, բայց չի ապրում կերպարների ցավը, որովհետև դրանք ավելի շատ կարիկատուրաներ են, քան կենդանի մարդիկ։
Կերպարների հոգեբանական խորությունը կորչում ա անպարկեշտ բառերի ու ֆիզիկական տառապանքի մանրամասն նկարագրությունների տակ։ Էլ չեմ խոսում կանանց կերպարների մասին, որովհետև սեքսիզմի ու միզոգինիայի վերլուծությանս բառապաշարը էստեղ չի ձգում: Կարելի՞ ա արդյոք խոսել «ազատ» գրելու մասին, երբ հեղինակն ինքը իր սեփական ցինիզմի գերին ա:
Բացի այդ՝ էս վեպը չունի պատմական խորք։ Չկա ո՛չ սոցիալական վերլուծություն, ո՛չ էլ գաղափարական պայքար՝ միայն մարդկային այլանդակման կրկնվող պատկերներ։ Հիմա հարց. ո՞րն ա ավելի կարևոր՝ ցույց տալ խորհրդային ռեժիմի դաժանությունը, թե՞ պարզապես ցույց տալ, որ «ամեն ինչ վատ է»՝ առանց փոխելու ինչ-որ բանի հնարավորության մասին մտածելու։
Իրական ազատությունը մարդկային փորձը խորապես տեսնելն ու նկարագրելն ա էնպես, որ ընթերցողի մոտ էմպատիա առաջանա: Իսկ էս վեպը իմ մոտ մենակ սրտխառնոց առաջացրեց առանց բացառության բոլոր կերպարների հանդեպ: