🩸Հովիկ Աֆյանի «Կարմիրը» որքան անանձնական, նույնքան էլ անձնական վեպ է: Գրքի ընթերցանությունն անձնական Գողգոթա է, ու ամեն ընթերցող յուրովի է զգալու ու հասկանալու, այնքանով, որքանով որ բաց կլինի: Ինչպես ասել է հեղինակը՝ «Գրողը կարող է չիմանալ, թե ինչի մասին է գրում. դա ընթերցողների (նրանցից յուրաքանչյուրի), գրականագետների պարզելիքն է»:
🩸Գիրքը կոնկրետ իրադարձությունների ու ժամանակահատվածների պատերազմների մասին է, բայց այն ավելի ընդհանրական է ու շարունակական: Դրանք պատերազմներ են, որոնք չեն ավարտվում: Պատերազմներ, որոնց ընթացքում տեսնում ես մարդկանց իրական դեմքերը:
🩸Պատերազմներն ունեն մի «լավ» բան՝ ստիպում են մարդկանց անկեղծ լինել ու ... ստիպում են ԱՊՐԵԼ: Ինչպես գրում է Աֆյանը՝ «Մարդիկ խաղաղ ժամանակներում ոչինչ չեն անում. արվեստը ծաղկում է պատերազմի ժամանակ, սերը թնդում է պատերազմի օրերին»-գրում է նա:
🩸Պատմությունը, կարծես, ինքնառեֆլեքսիա լինի մեր կյանքի, վերջին ապրած իրադարձությունների, տարիներ մասին: Կարծես մի պահ բարձրանում ես վերեւ ու մակետային մասշտաբով նայում քո ապրած իրականությանը, հասարակությանը, երկրին՝ առանց պաթետիզմի, գեղեցիկ փայլի ու «ծովից ծով» կոնցեպտի:
🩸Նայում ես, թե ինչպես են պատերազմի ամիսներին որոշ ընտանիքներ հարստանում, թե ինչպես են առաջին հերթին պատերազմ վազում ամենաաղքատ ընտանիքների հայրերը, որ ունեն չորս դատարկ պատ ու չորս կիսամերկ ու սոված երեխա: Թե ինչպես են ապրում ծերերը, որոնք արդեն ամեն ինչ գիտեն, բայց որոնց ոչ ոք չի դիմում: Թե ինչպես է տարիներ շարունակ ծպտված բռնությունը զարթնում մարդկանց հոգիների ամենամութ անկյուններում, թե ինչքան դաժան կարող են լինել մարդիկ պատերազմի ժամանակ իրենց ապահով քաղաքների փողոցներում ու տաք տներում:
🩸Այս պատմությունն ի վերջո պարզ մարդկայնության, հումանիզմի մասին է, որ վեր է ցանկացած արհեստական գաղափարից, պրոպագանդայից, որ երբեմն կարող ես սիրահարվել՝ առանց իմանալու, թե ինչ է «ազգությունը», թե ինչքան կարեւոր է ու ինչքան մարդկային՝ պարելու ցանկությունը նման ծանր ու անմարդկային իրադարձություններում, թե ինչքան պարտադիր է երբեմն խենթ լինել, գժվել, ցնորվել, որ կարողանաս շարունակել ապրել այս անհասկանլի ու ցավոտ կյանքը, կամ, թե ինչքան պարտադիր է գոնե երեխաներին հեռու պահել պատերազմներից եւ, որ նրանք իրենց ծնողների արարքների համար պատասխանատու չպիտի լինեն (ինչպես ասում են շատ կրոնական գրքեր):
🩸Այս ամենին զուգահեռ, սակայն, չեմ կարող չխոսել շաբլոնացված որոշ մոտեցումների, հիմնականում՝ male gaze-ի մասին, որը ինձ շատ էր կաշկանդում ու ճնշում կարդալիս: Աֆյանը գրում է. «Կանայք իրար հետեւից չէին նայում, որպեսզի միմյանց հագուստները կամ կառուցվածքը քննարկեն. տղամարդ չկար, խանդելն իմաստ չուներ»: Բանն այն է, որ այս աշխարհում ամեն ինչ տղամարդկանց շուրջ չի պտտվում եւ գուցե շատերի համար դարի բացահայտում լինի, բայց կանայք միշտ չի, որ տղամարդկանց համար են հագնվում կամ ինչ-որ բան անում: Իհարկե հասկանում եմ, որ սա ավելի մշակութային հարց է եւ ապրելով հայրիշխանական մշակութային նորմերով, երբեմն չես էլ մտածում այս ամենի մասին, այլ պարզապես կրկնում ես այն, ինչ տասնամյակներ, նույնիսկ հարյուրամյակներ շարունակ հրամցվել է:
🩸Որպես վերջ ուզում եմ ավելցանել, թե ինչքան լավն էր հեղինակի՝ նարատիվը ներկայացնելու հմտությունը, որը մինչեւ վերջ չի թողնում ձանձրանաս: Ուզում եմ նաեւ անպայման նշել, թե ինչքան եմ սիրել հեղինակի ձեռագիրն ու գրելաոճը, նրբազգացությունը դետալների նկատմամբ: Ձեռագիրը մի տեսակ այնքան փափուկ է ու նուրբ, ինչպես իր վեպում գրեթե ամենուր հայտնվող ծաղիկները ու թե ինչքան պոետիկ է գրում արձակը պարզ բառերով՝ առանց ավելորդությունների, ճոխությունների:
🩸Իսկ վեպում այս մեկնաբանությունն ուղղակի շատ է կպել սրտիս, որը կուզեմ, դուք էլ կարդաք. «Գյուղում մեծացած երեխաներն ամենաշատն են ուզում սավառնել, զգալ երկնքի մաքուր օդը»: Եվ, իսկապես, մենք բոլորս սավառնելու կարիք ունենք այս համատարած կարմիրի մեջ:
Երեւի այսքանը, մնացածը կթողնեմ իմ ներսում, որովհետեւ ուզում եմ էդ մտորումների ու զգացողությունների հետ միայնակ լինել: