1952-ին լույս տեսած «Թեհրան» վեպը բացառիկ երեւույթ էր հայ գրականության համար։ Լույս տեսնելուն պես այն թարգմանվեց տասնյակ լեզուներով եւ բառիս բուն իմաստով համաշխարհային հռչակ բերեց հեղինակին։ Ու թեեւ մինչ այդ էլ հայ գրականությունը մեծարժեք ստեղծագործությունների պակաս չուներ, այնուհանդերձ «Թեհրանը» դարձավ այդ տարիների թերեւս միակ «բեսթսելլերը», իսկ Գարեգին Սեւունցը` միակ հայ գրողը, ում անունը թնդում էր աշխարհի տասնյակ երկրներում, ում վեպը վաճառվում էր միլիոնավոր օրինակներով, եւ ում դեմքով ճանաչում էին աշխարհի տասնյակ երկրների ընթերցողներ։
Գարեգին Սևունց (Գարեգին Սևիի Գրիգորյան, 1911, փետրվարի 3 - 1969, հունվարի 3), հայ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936-ից։
Ծնվել է Խնձորեսկ գյուղում։ 1922-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Բաքու։ Այստեղ աշխատել է երկաթուղայինների գրադարանում, «Կոմունիստ» հայերեն թերթի խմբագրությունում։ 1932-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի կենսաբանական ֆակուլտետը, ապա սովորել է Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի (Բաքու) բանասիրական ֆակուլտետի հայկական բաժնում (հեռակա)։ 1932-35-ին սովորել է ռազմական օդաչուական և սպայական դասընթացներում։ 1935-ին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» հայերեն թերթի խմբագրությունում։ 1938-41-ին եղել է «Խորհրդային գրող» ամսագրի (Բաքու) խմբագիրը։ Նրա առաջին պատմվածքը՝ «Ահմեդը», լույս է տեսել 1928-ին։ 1941-45-ին ծառայել է խորհրդային բանակում։ 1945-ից ապրել ու աշխատել է Երևանում։ 1946-52-ին եղել է «Պիոներ» ամսագրի խմբագիրը, 1952-54-ին՝ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերության նախագահը, 1954-59-ին՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։