«Նահապետ», Հրաչյա Քոչարի՝ 1964 թվականին գրված վիպակը, որի համար հեղինակն արժանացել է ՀԽՍՀ պետական առաջին մրցանակի։ Վիպակի հիման վրա 1977 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը։
Հրաչյա Քոչար (Հրաչյա Քոչարի Գաբրիելյան, 1910, հունվարի 19 - 1965, մայիսի 2), հայ արձակագիր, հրապարակախոս, ՀԽՍՀ պետական մրցանակի առաջին դափնեկիր (1967, «Նահապետը» վիպակի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Գրական անուն է դարձրել հոր անունը։
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Ղումլիբուջաղ գյուղում, որը գտնվում է Նպատ լեռան ստորոտին։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ Փրկվելով թուրքերի կողմից իրականացրած կոտորածներից՝ համագյուղացիների հետ անցել է Արևելյան Հայաստան։
Առաջին պատմվածքը՝ «Խաջե», լույս է տեսել 1931-ին, «Նոր ուղի» ամսագրում։ 1934-ին խմբագրել է քրդերեն «Ռյա թազա» թերթը։ 1941-1945 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1946-1951 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր։ 1954 թվականին «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագիրն էր։ Գրել է «Հյուսիսային ծիածան» (Հայֆիլմ, 1961) կինոնկարի սցենարը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն և այլ լեզուներով։ Մահացել է Երևանում։
Գրքից -Երկրի հոտ կառնե՜մ... Նահապետը մարմնավորում էր հայ ժողովրդին` նրա անկոտրում ոգին, իմաստությունը, խոհեմ էությունը։ Սա պարզապես պատմական վիպակ չէ, այլ մարդկային տոկունության, ներքին ուժի և ազգային հիշողության խտացված պատկեր։ Կարդալիս զգում ես, որ ամեն էջում ապրում է մի ամբողջ սերունդ՝ իր ցավով, կորստով, բայց նաև անխախտ արժանապատվությամբ։
Էսքան սեր, կարոտ ու տխրության մեջ մարդիկ երջանկություն են գտնում։Բոլորի սրտերն էլ ցավում են, բայց պարտավոր են ապրել։ Ջերմ էր շատ գիրքը, ժանրի մեջ հաճելի կարդացվողներից, արցունքներն էլ անպակաս։Կերպարները իրար լրացնող, պատմության զարգացումն էլ մարդու հոգեկան վիճակների հետ համատեղ։