Էլեկտրոնային գիրքն անվճար ներբեռնել ԱՅՍՏԵՂ։ Գրքում զետեղուած են Կարէն Ա. Սիմոնեանի պատմուածքները՝ վերցուած տարբեր տարիներին լոյս տեսած «Մարսեցիները» (1957), «Կրկէս Լուսնի վրայ» (1961), «Մենք խաղալ էինք ուզում» (1963), «Ժպիտը» (1964), «Մարգագետին» (1967) ժողովածուներից եւ աւելի ուշ շրջանի հրատարակութիւններից։
Կարեն Սիմոնյանից առաջին պատմվածքը «Երկիր են վերադառանալու երեքը». սա էր, որ կարդացի, երբ դեռ դպրոցում էի ու առաջին գիտա-ֆանտաստիկան էր, որ կարդացի. հիմա նորից եմ կարդում հեղինակի բոլոր պատմվածքները. անկախ ինձանից ասես էլի դպրոցում լինեմ, նույն զգացումն է։) Պատմվածքները, պարզապես, հրաշք. կուզեմ, որ ոչ մի պատանի դրանք բաց չթողնի, մանավանդ որ դրանք հայկական են, ամեն ինչով՝ ոգով, սիրով ու նույնիսկ լուսնի վրա քաղաքի փողոցները Երևանն են հիշեցնում, բոլոր հերոսների անունները այնքան հարազատ անուններ են, երբ անցյալ ես գնում, հայտնվում ես ծանոթ իրադարձությունների կենտրոնում, երբ ապագայում թախծում ես, Կոմիտաս ես երգում, բնությունը, որը ուրիշ մոլորակների վրա է, քո շրջապատից է։ Հրաշք, իրոք, հայկական գիտա-ֆանտաստիկա։ Չգիտեմ, միշտ ակնկալում ես, որ ֆանտաստիկա պիտի այլ իրողություն, այլ բնություն, այլ զգացողւթյուններ ունենա, բայց չէ՝ կա նաև շատ հարազատը։ Ահավոր հարազատը։ Այնպես որ, իրոք, եթե դպրոցում եք, միանշանակ կարդալ, եթե կարդացել եք, վերընթերցել, եթե չեք կարդացել, առիթը բաց չթողնել։ Էլեկտրոնային գիրքը, հա, արդեն իսկ կա։ Ի դեպ, հեղինակը պատմվածքների նախորդ հրատարակությունները վերանայել, բարելավել, վերստուգել ու վերածել է դասական ուղղագրության։
Կարեն Ա. Սիմոնյանի «Թափառող մոլորակը» մանկությանս ամենասիրելի գրքերից էր և կարդացածս առաջին գիտաֆանտաստիկան, որի հեղինակը հայ էր: Երբ տեսա, որ Սիմոնյանի այս գրքի էլեկտրոնային տարբերակը կա, ահագին ուրախացել էի, բայց դասական ուղղագրությամբ գրված լինելու փաստը երկար ժամանակ թույլ չէր տալիս, որ կարդամ: Գիրքը բաղկացած է հեղինակի՝ տարբեր ժողովածուների պատմվածքներից: Իրականում հենց էս պատճառով էլ բավականին դժվար է գրքին ընդհանուր գնահատական դնելը, որովհետև տարբեր ժամանակաշրջաններում գրված պատմվածքները իրարից շատ տարբեր են՝ թե՛ գրելաոճով, թե՛ սյուժեի առանձնահատկություններով, թեև հեղինակի ձեռագիրը չի փոխվում: Հեղինակի՝ ավելի վաղ շրջանում պատմվածքների սյուժեները ֆանտաստիկայի համար ահագին պարզունակ են, գաղափարներն ու ֆանտաստիկայի տարրերը լավ զարգացված չեն: Թեթև վրիպակներ կային գիտական առումով, հաճախ էլ հերոսները շատ անհամոզիչ էին խոսում, ասենք երբեք երկու գիտնական իրար հետ ինչ—որ տրիվիալ բաներ ծամծմելով չեն խոսում: Ըստ իս, էդ զրույցների, բացատրությունների իմաստը պատանի ընթերցողներին ինֆորմացիա տալն ու կրթելն էր, ինչով էլ էս պատմվածքները ինձ հիշեցրին էն հին ու բարի սովետական մուլտերը, որ սյուժեով չէին փայլում, բայց պիտի ինչ—որ բան սովորացնեն: Միգուցե արդեն շատ մեծ եմ էս պատմվածքների հանար, չգիտեմ, բայց այնուամենայնիվ, կրտսեր դպրոցականներին խորհուրդ կտայի կարդալ: Կուզենայի, որ մերօրյա ուղղագրությամբ տարբերակն էլ հասանելի լիներ, քանի որ երեխեքը դասական ուղղագրությամբ չեն կարդա: Ինչևէ, չնայած հեղինակը գրելաոճն ընդհանուր առմամբ ինձ դուր է գալիս, հետաքրքիր ու սահուն է, բայց լիքը արհեստական բառեր կային, որոնք հավանաբար «հայաֆիկացվել են» դասական ուղղագրությամբ փոխադրելուց հետո: Իսկ ավելի ուշ շրջանի պատմվածքներում մի տեսակ կարոտի զգացողություն կար: Էս պատմվածքների մի մասը, ի տարբերություն մյուսների, կարդալուց հետո ինչ—որ լուսավոր զգացողություն էին թողնում ու մի քիչ մտածելու տեղիք տալիս: Վերջերում նաև պատմվածքները մի տեսակ ռազմահայրենասիրական էին դառնում: Ընդհանուր առմամբ, տեղ—տեղ արտահայտվող բարոյախրատականությունը չհաշված, գրքում ահագին հավես պատմվածքներ կան: Իսկ հեղինակին ևս մի անգամ շնորհակալություն հայալեզու ֆանտաստիկայի համար: