Մուրացանի «Լուսավորության կենտրոնը» վեպը 19-րդ դարի վերջի հայ իրականության հոգեբանական և սոցիալական պատկերն է: Ռեալիստական ոճով գրված այս երկում գործողությունները ծավալվում են գավառական քաղաքում և Թիֆլիսում: Հեղինակը քննում է լուսավորության, ազգային ինքնագիտակցության և անհատի բարոյական նկարագրի թեմաները՝ բացահայտելով հասարակական կյանքի հակասությունները:
Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1854 թվականի դեկտեմբերի 13-ին Արցախի Շուշի քաղաքում։ Հայրը հողագործ էր, գիտեր մի շարք արհեստներ, օժտված էր բանաստեղծելու և երգելու ձիրքով։ Ծնողները շատ ուշադիր էին որդու ուսման նկատմամբ։ Նախնական կրթությունը Գրիգորը ստացել է մասնավոր դպրոցում, որտեղ սովորել է երեք տարի։ Շուտով մեծ դժբախտություն է վրա հասնում. մահանում է հայրը, ընտանիքը ընկնում է կարիքի մեջ։ Մայրը ամեն ինչ անում է, որ որդին շարունակի ուսումը։ Տասներկու տարեկան Գրիգորը մասնավոր դպրոցից տեղափոխվում է ուրիշ դպրոց, որտեղ ուսման վարձը ավելի մատչելի էր, իսկ երկու տարի հետո ընդունվում է Շուշիի թեմական հոգևոր դպրոցը, որտեղ ուսանում է վեց տարի։ Այստեղ Գրիգորը ստանում է լուրջ կրթություն. սովորում է հայոց պատմություն, հայոց լեզու, մատենագրություն, աշխարհագրություն, ֆրանսերեն ու ռուսերեն։ Դպրոցում էլ սկսում է առաջին գրական փորձերը։ Դպրոցն ավարտելուց հետո նա մեկ տարի հայոց լեզու և պատմություն է դասավանդում հայտնի գրագետ Խորեն Ստեփանեի մասնավոր դպրոցում։