Պարտադիր կարդալու, շատ ուշադիր կարդալու։
- Որևէ երրորդ ուժ հայերի կամքով երբևէ չի շարժվել և չի շարժվի։ Նա իր ծրագրերն ու շահերն ունի։ Այդ մենք ենք հնարել, թե ռուսները մեզ փրկել են։ Ռուսները երբ լսում են այդ բանը, զարմանում են. «Մենք ե՞րբ ենք ձեզ փրկել, ինչո՞ւ պետք է փրկեինք»։ Եվրոպան էլ գեղեցիկ խոսքեր կասի հայերի հասցեին, բայց ռազմական ուժով երբևէ չի օգնել և չի օգնի (եթե շահ չունի)։
- Ասում են Ստեփան Զորյանի վերջին խոսքը մահվանից առաջ եղել է իր ժողովրդին նրա տված գնահատականը «պրիմիտիվ ազգ»։
- Այո, ես համոզված եմ, որ հայերս ինքնուրույն կարող ենք գոյատևել մահմեդական շրջապատում, եթե շարժվենք ոչ թե զգացմունքով, ոչ թե վրեժի զգացողությամբ, այլ բանականությամբ։ Օրինակ վերցնենք Իսրայելից, որի զավակներից մոտ 7 միլիոն ոչնչացրեց Գերմանիան, բայց այսօր, Իսրայելը լավ հարաբերություններ է պահպանում թե Արևմտյան, թե Արևելյան Գերմանիաների հետ։ Կամ նույն Գերմանիան։ Ռուսաստանը մասնատեց այդ երկիրր երեք մասի (Արևելյան, Արևմտյան Գերմանիաներ և Արևմտյան Բեռլինը, նրա հողերից հսկայական տարածքներ պոկեց հանձնելով Լեհաստանին, Չեխոսլովակիային և մի մեծ կտոր էլ (Արևելյան Պրուսիան) իրենց վերցրեց։ Բայց այսօր երկու Գերմանիաներն էլ լավ հարաբերություններ են պահպանում Ռուսաստանի հետ։ Նման օրինակները շատ են։ Այդպես են գոյատևելու կամք ունեցող ազգերը։ Եթե մենք հայերս ուզում ենք գոյատևել այս հողակտորի վրա, մի ելք ունենք՝ օրինակ վերցնել Իսրայելից, Գերմանիայից և ուրիշներից, այսինքն՝ չմտածել, թե երրորդ ուժը միշտ Հայաստանում կլինի, հիշել, որ ամեն րոպե այն կարող է հեռանալ, և մենք մի ելք ունենք շարժվել ոչ թե վրեժի զգացումով, այլ գոյատևվելու բանականությամբ։ Եվ անպայման կգոյատևենք։ Այս դեպքում Աստված մեզ կօգնի։ Եվ երբ գոյատևենք, ամրանանք ու միշտ խելացի գործենք, մեր հողերն էլ աստիճանաբար կմիավորվեն Հայաստանի մեջ։
- 300 տարի մենք ապավինել ենք երրորդ ուժի և 300 տարի անընդհատ կորցրել ենք։ Այս կտոր հողը պահպանեցինք, քանի որ երրորդ ուժի չապավինեցինք, այդ ուժը բացառեցինք։ Մեզ պետք է դաս տա Արամ Մանուկյանը։
Եվ այսպես, այսօր մեր միակ ճիշտ ուղին և առաջնահերթ խնդիրը մեր ժողովրդի հոգեկան և մտավոր ինքնուրույնացումն ու անկախացումն է, Հայաստանի վերահայացումը՝ երրորդ ուժի բացառման օրենքով։
Հայոց հարցը ոչ ոք չի լուծելու։ Լուծողը միայն մենք՝ հայերս ենք։ Եվ հայոց հարցը կլուծվի միայն մի դեպքում՝ եթե ընդունենք ու կիրառենք երրորդ ուժի բացառման օրենքը։