Ծնվել է 1860 թվի ապրիլի 26-ին Քարինտակ գյուղում, Արցախում, սովորել է քաղաքային դպրոցում։ 1878 թվականին ավարտել է Շուշիի քաղաքային վերակազմյալ դպրոցը։ Շուշիում և Բաքվում աշխատել է նոտարային գրագիր, հեռագրիչ, «Արոր» տպարանի կառավարիչ։ Պատանեկան տարիներից Լեոն աշխատակցել է «Մշակին», թողել է պատմագիտական, գրական և հրապարակախոսական մեծ ժառանգություն, հայոց պատմության մեծահատոր գործեր և բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ։ 1877 թվականից աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Արմենիա», «Մուրճ», «Հանդես ամսօրյա», «Տարազ», «Հորիզոն», «Համբավաբեր» և այլ պարբերականների, տպագրել հարյուրավոր քննադատ, հոդվածներ, վիպակներ, պատմագիտական ու գրականագիտական ուսումնասիրություններ։ Մինչև պատմագիտական իր աշխատությունները, Լեոն իր գրական գործունեության առաջին տասնամյակում զբաղվել է գրական–հրապարակախոսական աշխատանքներով, գրել է վեպեր, պատմվածքներ, վիպակներ, նաև «Վարդանանք» պիեսը։ 1906–1907 թթ. դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա տեղափոխվել է Թիֆլիս և նվիրվել գիտական աշխատանքի։
Ես գտա այդ աշխատությունը ինտերնետում, 340 էջ է։ Հեղինակը նկարագրում է 1877 թվականից մինչև 1924 թվականը Հայաստանում տեղի ունեցած ողբալի իրադարձությունները, որոնց ինքը ականատես է եղել, շատ դիպվածների անձնապես է մասնակցել։ Լեոն ծնվել է Շուշիում, նկարագրում է այդ քաղաքը ևս։ Աշխատությունը կարդալուց հետո, ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ պատմություն մենք չենք սովորում, այն չի դասավանդվում դպրոցում, ոչ էլ համալսարաններում։ Պատմությունը պետք է կարդաս բնագրից, ժամանակի թերթերից, հեղինակներից։ Եվ ինչն է զարմանալին։ Չիմանալով մեր 150 տարվա առաջվա պատմությունը, մենք նույն սխալներն ենք այսօր կատարում, դասեր չենք քաղում մեր նախնիների սխալներից և հաշվի չենք առնում նրանց կուտակած ճիշտ փորձը ևս։ Աշխատության մեջ ես գտա մեր օրերը, այսօրը, երբ Անգլիային փոխարինել է Ֆրանսիան, անգլիական խաղաղապահներին փոխարինել են Ղարաբաղում ռուս խաղաղապահները, դաշնակցական իշխանությանը Հայաստանում փոխարինել է ՔՊ-ական իշխանությունը, սակայն Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի օրվա իշխանությունների վերաբերմունքը չի փոխվել։ Ինչպես այն ժամանակ Ահարոնյանն էր վերաբերվում Ղարաբաղին, նույնպես այսօր վերաբերվում են Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանը։ 1918-20 թվականներին ևս Ղարաբաղի հայությունը մատնված էր միայնակ պայքարի, ինչպես այսօր։ Այն ժամանակ ևս հնչում էին կոչեր ու կոչեր։ Անդրանիկը իր զորքով մտել է Շուշի ու դուրս է եկել անգլիացիների հորդորով, անպաշտպան թողնելով Շուշիի հայությանը։ Նորություն էր ինձ համար նաև այն, որ հնդիկները անգլիացիների շարքում մասնակցել են Շուշիի հայկական ջարդերին։ Լեոն նկարագրում է ֆիդայինների անմիտ քայլերը, երբ նրանք կոտորում էին մահմեդական բնակչությունը Հայաստանի այս կամ այն գյուղում, հեռանում դեպքի վայրից, առիթ տալով թուրքերին նորանոր հարձակման տեղացի հայ բնակիչների վրա։ Լեոն նկարագրում է Թիֆլիսում ռուսական նամեստնիկների բաժանիր, որ տիրես դեպքերը, երբ նրանք հրահրում էին ազգամիջյան խժդժություններ հայերի ու վրացիների, հայերի ու թուրքերի միջև։ Նա նկարագրում է ռուսների Հայաստանը առանց հայերի գործողությունների շղթան փաստերով։ Նա զարմանքով փաստում է, որ հայ եկեղեցին էր կատարում դիվանագիտական գործունեությունը հայերի մոտ, երբ վրացիներն ու թուրքերը ունեին պրոֆեսիոնալ դիվանագետներ։ Լեոն ցույց է տալիս Թուրքահայաստանի և Ռուսահայաստանի ջարդերը, դրանց պատճառները։ Հայկական հնչակյան և դաշնակցություն կուսակցությունների ստեղծումն ու գործունեությունը այդ հատվածում, մեղքի մեծ մասը դնելով հենց նրանց վրա։ Ինձ համար նորություն էր նաև վրացիների պահվածքը այդ տարիներին, երբ նրանք Թուրքիայից դեպի Ռուսաստան շարժվող հայ գաղթականության համար խոչընդոտներ էին ստեղծում, փակում ճանապարհները, թույլ չտալով անցնել Կովկասյան լեռները և մահվան մատնելով նրանց։ Չի բացառվում, որ մերօրյա նոր պատերազմի ժամանակ ներկայիս Հայաստանի բնակիչները ևս կանգնեցվեն վրացիների կողմից՝ ինչպես մեկ դար առաջ, առավել ևս երբ տեսանք նրանց պահվածքը 2020 թվականի 44 օրյա պատերազմի ընթացքում, երբ փակել էին զենքի հնարավոր մատակարարումները դեպի Հայաստան։ Լեոյի բերված փաստերը ու դեպքերը ապացույցն են այն բանի, որ պատմությունը կրկնվում է, իսկ հայերը այդպես էլ խելքի չեն գալիս այդքանից հետո։