1956 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ 1956-1967 թվականներին որպես ինժեներ աշխատել է տարբեր գործարաններում և գիտահետազոտական հիմնարկություններում։ Մանուկ Մնացականյանի առաջին ակնարկը՝ «Պապիս փողոցը», լույս է տեսել 1959 թվականին։ Հրատարակվել է 1959 թվականից։ Լույս է ընծայել «Մեծ քաղաքի աղմուկը» (1962), «Նահանջ տարի» (1974), «Կանչ» (ռուսերեն 1980) պատմվածքների ժողովածուները, «Հալոցք» (1966), «Երկուշաբթիից երկուշաբթի» (1968) վիպակները։ Գրում է նաև մանուկների համար «Հեքիաթներ Աննայի համար», 1980։ «Հայֆիլմ» կինոստուդիան Մանուկ Մնացականյանի սցենարով 1975 թվականին նկարահանել է «Խաչմերուկում» (ըստ Ժ. Հարությունյանի պիեսի) կինոնկարը, որը 1978 թվականին Մանհելմի փառատոնում արժանացել է «Ոսկե կինոդուկատ» մրցանակին։ Նրա սցենարով է «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել նաև «Երջանկության մեխանիկան» գեղարվեստական ֆիլմը։ Հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիան 1984 թ. գրողի պատմվածքի հիման վրա և նրա սցենարով նկարահանել է «Կիսակայարան» ֆիլմը։ Մանուկ Մնացականյանի սցենարով են նկարահանվել նաև «Ո՞ւր ես գնում, զինվոր» (1985), «Ճանապարհին» ֆիլմերը։