ՊԱՐՏԱԴԻՐ կարդալու գիրք։ Եթե ուզենայի մտքեր առանձնացնել, ուրեմն ամբողջ գիրքը պետք է արտագրեի։ Ամեն նախադասությունը մի հատ ապտակ է։ Պատմությունը կրկնվում է, ու 100 տարի առաջ Նժդեհը ներկայացրել է պատճառները, դրանից բխող հետևանքներն ու լուծումները։ 100 տարվա մեջ ոչ մի հարց Նժդեհի ձևով չենք լուծել ու ունենք այն, ինչ ունենք։ 100 տարի առաջ խոսել է կենսաբանական ու քիմիական զենքի կարևորության մասին։ Իսկ էս հատվածը հաճելիորեն զարմացրեց.《Կինը պետք է լինի տղամարդու ընկերն ու օգնականը և ոչ աղախինը》։ Իմ կարծիքով, եթե յուրաքանչյուր հայ կարդա էս գիրքը, գոնե կեսը ընկալի, էդ դեպքում մենք ոչ թե կշրջենք պատմության վերջին էջը, այլ կսկսենք երկրորդ հատորի առաջին էջը։
Անկեղծ, գիրքը վերջացնելուց հետո ժամանակ ա պետք, որ մարսես: Էմոցիաների տարափ ա. սկսում ես հայրենասիրական ոգով, զարմանքով, հետո ամոթն ա պարուրում, իսկ ավարտում ես արցունքն աչքերիդ ու որոշակի դատարկությամբ: Դատարկություն ու ափսոսանք, որ, բառացիորեն, 100 տարվա ընթացքում բան չի փոխվել, որ մեզ ուրիշ ձև էր պետք դաստիարակել, որ էս գիրքը ոչ թե հիմա էր պետք կարդալ ու հետևել, այլ առնվազն մեկ դար առաջ...
Կուզե՜ի, որ իմ խոսքը` ուղղած քեզ, հա՛յ երիտասարդություն, առաջին հաղորդության ազդեցությունն ունենար։ Կուզե՜ի, որ քեզ համար գրված խորհրդածությանս այս էջերը ընդունեիր, ինչպես ծարավ դաշտը ցողն է ընդունում։ Հոգեփոխել քեզ կուզե՜ի ճշմարտության ուժով, փրկել քեզ և քո միջոցով գաղութահայությունը կեղծիքի գերությունից։
Եթե դու չես, թող խոստովանեմ` գաղութներում միայն քեզ եմ հավատում, եթե չես կամ պիտ չդառնաս ճանապարհ փրկության մեր ժողովրդի համար, նրա համար կմնա մի հատիկ ճանապարհ՝ դեպի գերեզմանատուն։ Եթե դու էլ պիտի նմանվես այն սերունդներին, որոնցից «մի բուռ հող» իսկ չի մնացել, օտարի լուծը և տառապանքը պիտ մնան քո ժողովրդի բաժինը։ Որբ, գաղթական հայ անունները պիտ շարունակեն մնալ որպես նույնանիշ բառեր։ Եվ պիտ երկարի խաչելության հոգեվարքը և ուշանա հարությունը ցեղիդ։
Մենք պառակտված ենք։ Իսկ նման ժողովուրդը նվազ է ուշադրություն դարձնում արտաքին իրական, թե հավանական վտանգի վրա։ Հայության հայացքն ուղղված չէ արտաքին թշնամուն, որ հարկադրված լինի չափավորելու կամ իսպառ արգելելու ներքին տարակարծությունները։ Երբ ազգերն այսօր եռում են հոգով, գիտության նորագույն զենքերով իրենց միտքն ու բազուկն են զինում ցեղամիջյան անողոք պայքարում հաղթանակելու կամ հաջողությամբ դիմագրավելու համար, հայությունը շարունակում է կորովաթափ լինել ներքին անփառունակ ճակատների վրա, նա պատրաստվում է վաղվա մահաբեր պարտությանը։
Սպանիչ իրականություն, ուր գոյություն չունի մի հատիկ օրենք, կանոն իսկ, պարտադիր բոլորի, բոլորի համար, ուր որոշ տարրեր հանցապարտորեն ժխտում են և՛ ազգային սրբություններ, և՛ բարոյական արժեքներ, ուր կա առատորեն թույն, մաղձ, գռեհկություն, կա դիմածռություն, ծաղրանք, չարարվեստ խծծանք, ուր մարդիկ դառել են դառնախոս, նեղսիրտ, եսական, ուր տիրող հոգևոր մրափողության պատճառով նոր հեղինակություններ չեն ստեղծվում, և հները չեն հարգվում, ուր մտաբարոյական ընդհանուր աղավաղության մեջ մարդիկ, կարծեք, դադարել են իրար հասկանալուց, և ուր հնարավոր չէ գլուխ հանել որևէ ազգաշեն գործ, ուր կեղծիքն է կազմում որոշ քաղաքական հոսանքների բարոյական դրամագլուխը, ուր ամբողջ կազմակերպություններ ապրում են կեղծիքի և մտավոր կուրության մեջ` շրջելով անդունդի եզերքին։ Եվ այդ ամենն այն ժամանակ, երբ թրքությունը տապարն է դրել մեր ցեղի գոյության ծառի արմատին։
Աննպատակ և ուղեկորույս ժողովուրդ, որ կորցնելով իր ազգային իդեալը, վերածվել է «անհատների փոշու»։
Օտար ազգերի մեջ, նյութական դիրքի տեր այդ տարրերը, զոհաբերության իրենց լիաբուռն բաժինն են բերած և կբերեն ընդհանուր գործին`մնալով հիացողն ու խնկարկողը իրենց ցեղի հերոսականի։ Այդ տարրը մեզանում, անընդունակ հափշտակվելու վսեմ գաղափարներով, սովոր է մեծությունները դիտել անտարբերությամբ։ Ա՜հ, քո հայրերը ... նրանցից շատերը հոգով նպարավաճառ են մնում նաև այն դեպքում, երբ ապրում են աշխարհի մեծագույն և մեծածախք ոստաններում։ Կյանքի խորհուրդը կայանում է հոգևոր և ոչ թե նյութական շինարարության մեջ։
Իդեալ, իդեալապաշտություն, դա միակ միջոցն է, որի շնորհիվ տգեղ ու տկար հոգիներն ու նկարագրերը գեղեցկանում, բարձրանում, փարթամանում են։
Անիմաստ ու դատապարտելի է մարդկային կյանքը, եթե դա ծառայությունը չէ իդեալի՝ կատարումը բարոյական պարտականության։
Դու օժտված ես անսպառ հոգեկան ուժով, որոնց մեծագույն մասը անինքնաճանաչության պատճառով շարունակում է մնալ քնած վիճակում և անօգտագործելի։ Քեզ տրված ներքին ուժերի բերումով դու գրեթե ամենակարող ես, հրաշագործ, եթե, վստահելով քո ներքին մարդուն, նրա ուժերից օգտվես միայն բարձր նպատակների համար։
Սիրի՛ր վեհը, գեղեցիկը և հերոսականը նույնիսկ թշնամիներիդ մեջ։ Մի՛ նախանձիր, քանզի աշխարհը ոչինչ ունի, որ չունենար քո հոգին։
Իսկապես դաժան, հիասթափեցնող է գիտակցել, որ մինչ օրս ունենք այն նույն վտանգը, խնդիրները, որոնց մասին խոսել է Նժդեհը։ Սակայն եկեք հասկանանք մի պարզ ճշմարտություն. Նժդեհի հայրենանվեր գործն ու կերպարը ոչ բոլորն են "ընկալել" իր ժամամակներում և երիտասարդության համար Նժդեհ կարդալը կարծում եմ, որ գրեթե անհասանելի է եղել։ Այսօր մենք ունենք հնարավորություն ազատ կարդալու, քննարկելու, հասկանալու մեր սխալները և մեր հետագա քայլերը։ Եվ եթե ոչ մենք, ապա մեր կրթած սերունդը պիտի լինի փրկությունը մեր հայրենիքի՝ Աստծո կամոք և օրհնությամբ։
QUOTES
• Ի՞նչ, հա՛յ երիտասարդություն, մեռելի ականջին է հնչում իմ խոսքը։ Ո՛չ, ես հավատում եմ քո ներքին վերանորոգիչ ուժին, ինչպես և քո ջահել թևերի թափին: Ես զգում եմ, թե ինչպես զայրույթն ու ամոթը, միացած սրբազան ինքնադժգոհությանը, այրում են քեզ: Ես տեսնում եմ, թե ինչպես սեղմվում է քո բռունցքը կեղծիք կոչված հրեշի դեմ։ Դու դողում ես կատաղությունից և արդեն նախաճաշակում քաղցրությունը պայքարի, որի մեջ պիտ սպանվի կեղծիք հսկան: Ահա՛, դու զայրույթով հետ ես մղում անզիղջ հայրերիդ հոգևոր խնամակալությունը և նրան պարտադրում քոնը։ Սկսում է պայքարը որդիների և հայրերի միջև: Ճշմարտության և կեղծիքի միջև։
• Քո մեջ մի գանձարկղ կա անբավ ու անհաշիվ հարստությամբ, բայց դու չես օգտվում նրանից, որովհետև քեզ պակասում է այդ արկղի ոսկե բանալին` ինքնաճանաչությունը։
• Մի ժողովուրդ, որի որոշ տարրերի համար ազգային դատ չկա, արտաքին պայքար գոյություն չունի, տարրեր, որոնք այլևս ոչինչ չեն ուզում աշխարհից, բացի ժամանակավոր կերն ու հանգիստը։ Հանցավոր տարրեր, որոնք մեր դերն այլևս վերջացած են համարում մարդկության պատմության մեջ և անվրդով թեքվում դեպի այլասերում և դանդաղ անհետացում։ Ահա՛ մոտավորապես այն սպանիչ մթնոլորտը՝ ստեղծված քո հայրերի կողմից, անուղղելի հայրեր, որոնք շարունակում են իրենց հին մեղքերն ու սխալները սնուցել նորերով, ազգ և ազգայնություն վտանգի մատնած հայրեր, որոնց վերադաստիարակիչը, դո՛ւ, հարկադրաբար դո՛ւ պիտ լինես, հա՛յ երիտասարդություն:
• Շատերը դուրս մնացին Հայաստան երկրից, մնացին անտարբեր ու անկարեկիր, բայց մեծապես օգտվեցին մեր ժողովրդի վարած գոռ ազատամարտի շնորհիվ մարդկության մեջ դեպ հայությունը առաջացած համակրանքից։ Բարոյապես չարաշահեցին և՛ անօրինակ մարտիրոսագրությունը, և՛ նորագույն հերոսականը մեր ժողովրդի:
• Չի եղել, հա՛յ երիտասարդ, ու չկա մի ժողովուրդ, որի պատմութունը միայն և միայն փայլուն հաղթանակներ արձանագրած լինի: Ժամանակավոր պարտության դառն բաժակը դատարկել են բոլոր ժողովուրդները, ինչպես և աշխարհակալ Հռոմը։ Երեկվա գոռ ու գոռոզ հաղթականը պարտվում է այսօր առանց, սակայն, կորցնելու վաղվա հաղթանակի հույսը։ Հարվածներ է, որ կփոխանակեն ժողովուրդները, և վա՛յ նրան, որ միայն ստանում է առանց վերադարձնելու, առանց հակահարվածելու։ Այդպիսինն իր տեղն արևի տակ ընդմիշտ կազատեր նրանց համար, որոնք կյանքն ու պատերազմը նույնանիշ երևույթներ են համարում, որոնք խոսում են խաղաղության մասին, բայց չեն դադարում պատրաստվել հարված տալու կամ իրենց տրվելիք հարվածը ետ մղելու համար: Եվ սովորություն կա, գրչի ու գրքի տեր բոլոր ժողովուրդների մոտ, իմաստուն սովորություն կա պատերազմից հետո հաշվի նստել պարզել իրենց հաջողության և պարտության պատճառները։
• Ճշմարտության մեջ ապրող անհատի և հավաքականության հիմքը դրված է լինում ժայռի, կեղծիքի մեջ խարխափողինը՝ ավազի վրա։ Չե՞ս զգում, երիտասա՛րդ ընթերցող, թե ինչպես մահաշունչ կեղծիքից խորշակահար է լինում այն ամենը, ինչ որ գեղեցիկ, վսեմ, հերոսական է մեր կյանքում։ Չե՞ս տեսնում, թե ինչպես մանրացել ու գռեհկացել են մեր ժողովրդի որոշ տարրերը: Թե որքան մեծ է ստորության ուժը մեր կյանքում։ Չե՞ս զգում արդյոք, թե խեղդվում ես շրջապատիդ մահաշունչ կեղծիքի մեջ։ Կեղծիք՝ մահ ասել է, դանդաղ մահացում, իսկ մեզ պետք է ապրել որպես ժողովուրդ:
• Կհրապարակախոսեն վսեմ ու խանդավառ շրթունքներ, և երեկվա հակասություններով այնքան հարուստ մեր կյանքը կիմաստնանա բարոյական ճշմարտություններով։ Խոսելուց առաջ ամեն ոք ոսկե կշռով նախ կկշռի իր խոսքը։ Մայրերը զգաստության և ուղղության կհրավիրեն ազգայնորեն տկարացածներին՝ դաստիարակելով իրենց զավակները նախ հայրենիքի համար։ Դպրոցը կդառնա ազգային ոգու և ուխտի դպրոց, մամուլը՝ լույս և ջերմություն սփռող, Կինը՝ ընկերն ու օգնականը և ոչ աղախինը տղամարդու։ Ուսուցիչն ու աշակերտը կունենան իրենց ընդհանուր ուսուցիչը՝ լուսավոր ժողովրդասիրությունը, այսինքն, որ բավարարեր անհատի իմացականությունը, ջերմացներ սիրտը, զորացներ հույսը։ Վսեմ ժողովրդասիրություն, որից հայությունը կարողանար ստեղծել մի հրաշագործ ուժ:
• Չի կարելի միաժամանակ վատ մարդ, բայց և այնպես լավ Հայ լինել: Անկարելի է անհատի համար, առանց կեղծիքի, անձնական կյանքում նյութակրոն, իսկ ազգային գործերում գաղափարապաշտ լինել: Նա, որ իրեն զգում է որպես «ժամանակավոր շունչ և կենդանություն առած մեքենա» չի կարող հասարակական ասպարեզում երևան գալ որպես կենդանի հոգեկանություն: Նա, որ որպես մարդ իդեալականացնում է նյութն ու նրանից բխող բավականությունները, որ կյանքի նպատակը համարում է կրավորական հաճույքները, որպես Հայ չի կարող լինել անձնվեր, արի, հայրենապաշտ։ Միևնույն մարդու մեջ չեն ապրում միաժամանակ ստրկամիտն ու ազատատենչը: Նա կամ մեկն է կամ մյուսը:
• Ինչո՞ւ կտառապի մարդկային ցեղը։ Որովհետև միամիտ մարդը իր հոգուց դուրս փնտրեց և փնտրում է երջանկությունը:
• Քո երջանկությունը՝ ծնունդ իմաստության, պիտ լինի հանուն ցեղային իդեալի զոհաբերվողների գերագույն երջանկությունը, քանզի մարդս տերն է միայն իր զոհաբերածի, և դա է միայն նրա արժեքը, և ոչ թե այն կարողությունները, որոնցից իրենից զատ ոչ ոք չի օգտվում։ Քեզնից դուրս չկա և պիտի չփնտրես երջանկություն:
• Իսկ այդպիսին լինելու համար ապրի՛ր չմեռնելու, մեռի՛ր ապրելու համար։ Կյանքդ նվիրի՛ր բաների, որ չեն մեռնում:
• Ինքնաճանաչ լինել՝ ասել է կարող լինել ցանկացած վայրկյանի գործի դնել այն բոլոր ուժերը, որոնց տերն ես՝ իմաստություն, սեր, աշխատունակություն և այլն: Ինքնաճանաչությամբ կարելի է դառնալ մագնիսական մի ամպ, որ չի խորտակվում և ոչ մի ուժից: Անհուսորեն տգետները միայն չգիտեն այսօր, որ չօգտագործվող ուժերի մի հսկայական պահեստ է մարդս, որից դժբախտաբար կարողանում են օգտվել քչերը միայն: Մեր ուժերի մեծագույն մասը շարունակում է մնալ թմրած վիճակի մեջ, երբ նրանց մասին գաղափար չունենք: Բայց երբ ձգտել սկսեցինք որևէ բարձր նպատակի և նոր ուժերի կարիքն զգացինք, մեր մեջ անմիջապես զգում ենք ներկայություն մեր թաքուն ուժերի: Ո՞վ չի զգացել երբեմն իր մեջ կորովի հանկարծական ծովացում:
• Ուրեմն, եղի՛ր ինքնաճանաչ, երիտասա՛րդ բարեկամ, հավատա թաքուն ուժերիդ, օգնության կանչի՛ր քո ներքին մարդուն, որ ավելի Աստված է, քան տկար արարած, որպեսզի աշխարհը չկարողանա սահման դնել քո հոգու ավյունի թափին, թռիչքին:
• Աշխարհը և երևույթները մի՛ դիտեր ուրիշի աչքերով։ Հիմարություն է թութակորեն կրկնել ուրիշի խոսքերը: Ավելի մեծ հիմարություն՝ կուրորեն բաժանել այլոց կարծիքը:
• Մի՛ լինիր ուրիշի ստվերը, արձագանքը, եթե այդ ուրիշը անգամ աշխարհածանոթ համբավ լինի: Ստեղծագործո՛ղ, և ոչ՝ ընդօրինակող:
• Անձնասպանություն է նմանվելը: Ունեցիր քո՛նը՝ խոսք, խոսելու եղանակ։ Եվ երբեք քեզ կատարյալ մի՛ համարիր, որ չդանդաղի վերելքդ։ Կատարելության չես ձգտում, եթե մտահոգեպես նույնն ես այսօր, ինչ որ էիր երեկ:
• Մի գարշիր հասարակությունից, բայց հաճախ գերադասիր իմաստուն մենությունը:
• Հազար հիմարություններ փնտրողը միշտ էլ կունենա հազարումեկ կարիք։ Իսկ նմանը չի կարող չզգալ իրեն դժբախտ ու տկար: Նա, որի ամենօրյա մտահոգության առարկան իր հագուստի և կաշվի մեռյալ գեղեցկությունն է և ոչ թե սրտի և մտքի մշակումը, նա կմնա աղքատ հոգով, ասել է՝ և տկար։
• «Մենք,- ասել է իմաստասերը, մենք չենք կարող արգելել թռչուններին անցնելու մեր գլխի վրայով, բայց իշխանությունն ունենք թույլ չտալու նրանց, որ իրենց բույնը շինեն մեր գլխի վրա»։ Այս ձևով վարվիր մտածումներիդ հետ։ Թույլ մի տուր, որ վատերը իրենց բույնը հյուսեն ուղեղիդ մեջ։
• Երկաթը մաշվում է իր ծնած ժանգից: Մարդս տառապում է իր անկատարելությունից, որ արդյունք է իր անմաքուր, իր «ժանգոտ» մտածումների։
• Ես տեսա մեր վարած ճակատամարտերում, տեսա ամենաընտիրը Հայի՝ մեռնելու մտքի հետ հաշտված, ամեն գնով հաղթելու անտեղիտալի վճռականությամբ դեպ թշնամին խոյացող հայ զինվորը։ Ճանաչեցի և ամենավատը Հայի՝ վախկոտության հանցանքի մեջ բռնված անարին: Առաջինը մեռնում էր ապրեցնելու համար իր ազգն ու նրա զենքի հմայքը, երկրորդը ապրում էր ամեն գնով՝ ապրեցնելու համար թշնամու փառքը։ Առաջինը ինձ համար ավելի բարձր էակ է, քան մարդ: Երկրորդը՝ ավելի անասուն, քան Հայ և մարդ։
• Արիությանն է աշխարհն ու անկախությունը, քանզի «արիներն են անցնում Աստծո ճանապարհով»՝ անապատներում մեր վարած բախումներում արիանալուց հետո։ Իսկ արի է նա, որ իր մեջ սպանել է իր կաշվի համար դողացող անասունը և գիտի զինաթափել վտանգն ու մահը, ծիծաղելով նրանց երեսին։ Իսկ արի է նա, ով զինակցել է Ամենակարող Ոգու հետ: Արին նա է, որ գիտի լրիվ կերպով արտահայտել իր մեջ ծփացող անծանոթ ծովը ուժերի: Արի է ինքնաճանաչը` նա, որ ծիծաղում է թվի, նյութի, զենքի գերազանցության, ինչպես և գիտությունների վրա, և ճանաչում է մի հատիկ հոգեբանական արվեստ միայն՝ մեռնել, երբ պահանջում է պահը, ինչպես արևն է մեռնում։
• Քրքրի՛ր ազգերի պատմությունը և երես առ երես պիտ հանդիպես հետևյալ ճշմարտության. ժողովուրդները նախ և առաջ իրենց ամենաընտիր որդիների արյունով են սրբում իրենց երկիրը և ապա այդ սրբացած հողի վրա բարձրացնում շենքն իրենց անկախության։ Այո՛, նախ հերոսների և նահատակների գերեզմանատուն, ապա՝ ազատ և երջանիկ Հայրենիք: Այլ կերպ չի ստեղծվել և ոչ մի հայրենիք, այլ կերպ չի ստեղծվելու և յոթնիցս սրբազան քո՛ Հայրենիքը: Որո՞նք են լինելու վաղվա Հայաստանի սահմանները: Նրանք, որ պիտի գծեն հայ զինվորի արիությունն ու հայրենասիրությունը։ Ուիլսոն, բախտ, հայկական սվին, սրանցից միայն վերջինի գծած սահմանները կլինեն իրական և կայուն:
• ...սակայն՝ Անիի փլատակների մեջ ավելի մեծություն կա, քան թուրք ցեղի խուժական հոգու մեջ։
• Հայուհին, որին կարելի է ճանաչել հազարավոր օտարուհիների մեջ այն կնիքով, որ նրա ճակատին դրել է ձիգ դարերի տառապանքը, որ կարող է փոխարինել խաչափայտի առջև իր աստվածանման որդու վերքերը սգացող Տիրամորը, հայ կինը ավելի հերոսուհի, քան թախծության մայր պիտի լինի: Նրա շրթունքներից պիտի չպակասեն Ժաննադարկյան բառերը՝ ուղղված մեր սերունդներին. «Եթե հոգնած եք, դադար առեք, բայց մի լքեք կռվադաշտը, մի դասալքեք>>։ Նա միայն պիտի չողբա վերքերն իր Հայրենիքի, այլև մեր սերունդներին անսահման սեր ու պաշտամունք պիտ ներշնչի դեպ այդ վերքերը: Նա ավելի պիտի սիրի և հպարտանա, քան կարեկցի: Նրա հայրենասիրությունը ևս՝ աստվածային կրակ, բոց ու ջերմություն, պիտի արթնացնի թմրած առյուծը իր ժողովրդի մեջ, պիտի բարձրացնի մեր առօրյա կյանքի թափը, պիտի քաղցրացնի ու հեշտացնի անձնազոհությունը։
• Հայ կինը։ Սրա միջոցով հոգեփոխենք հայ ընտանիքը: Այդ վերջինի միջոցով՝ հայությունը։ Սկսենք հայ կնոջից, աշխատենք անդուլ մինչև որ սրա կաթը դառնա հայրենապաշտության սրբազան կաթը: Հայրենապաշտորեն դաստիարակենք հայ կինը և նրան թողնենք մեր մատաղ սերնդի դաստիարակության գործը։ Հայ կնոջ միջոցով դարձի և զգաստության հրավիրենք հայության ազգայնորեն տկարացած տարրերը։ Նրա պաշտպանության ու գուրգուրանքին հանձնենք մեր մայրենի լեզուն, Եռագույնը, անկախության Մայիսը՝ սրբությունները մեր ցեղի։... Հայ կնոջից սպասենք հոգեբանական այդ հրաշքը:
• Ամենակարող է այն առաջնորդը, որ կարողանում է անպարտելիության հավատ ներշնչել իր ժողովրդին։ Ժողովրդասպան է նա, որ իր նկուն կեցվածքով տկարացնում է իր ժողովրդի ուժի և կարողության գիտակցությունը:
• Ուր մարդիկ խոստովանում են իրենց տկարությունը, բայց չեն ամաչում տկար լինելուց, հոգևոր ստրկություն է տիրում այնտեղ։
• Ներե՞լ եք ուզում՝ հաղթե՛ք նախ: Բայց թող չանհանգստանան մեր պարտվողականները: Մի օր հայությունը պիտ ների թրքության, բայց ոչ ծունկի եկած նրա առջև, պարտվելուց հետո, այլ նրան ծնկի բերած՝ ծեծելուց հետո: Պիտ ներենք մի օր Արևելքի չարագործին, բայց նրան պարտության մատնելուց հետո։
• Ա՜հ, գիտեմ՝ չկա աստվածորեն ավելի ավելի վսեմ և գեղեցիկ շարժուձև, քան մեր սրից ու գնդակից զարնված հակառակորդի վերքերը կապելը: Ինչպես չկա ավելի բարբարոս արարք, քան վիրավորներին նոր վերքեր հասցնելը։ Գիտե՛մ, գիտե՛մ՝ արժե ներել իրեն ուժեղ զգալու համար: Գիտե՛մ աստվածային արարք է ներումը, բայց ուժեղի, հաղթականի:
• Կռիվը սկսվում է Ձիրավի տափարակի վրա... երբ Ներսես Մեծը բարձրանում է Նպատ լեռը, ձեռքերը բարձրացնում դեպի երկինք և աղոթելով իջեցնում ձեռքերը, մինչև որ չեն հաղթի Հայերը: Ահա հաղթելու գաղտնիքը: Ներսես Մեծը լեռան վրա. Ինչպիսի՜ վեհ պատկեր: Ինչպիսի՜ վսեմական նյութ հանճարեղ վրձնի և մտահայեցության համար։ Իսկ առաջնորդի համար՝ սկիզբը ու վախճանը իմաստության։ Ռազմավարի համար՝ հաղթելու գաղտնիքը, նշանակը այդ աստվածային գաղտնիքի, որ շարունակում է արձանացած մնալ մեր պատմության ոսկե էջերից մեկի վրա։ Մեծ Պարթևը լեռան վրա: Սիրում եմ ապրել ու վերապրել այդ կախարդիչ պատկերի գեղեցկությունն ու վեհությունը:
• Մինչև որ հայ մարդը չզգա իր ուժի գերազանցությունը, չի ազատվի պարտվողական հոգեբանությունից, չի փրկվի նա:
• Առաջնորդվել եմ Մամիկոնյանների ուխտով. եղել եմ խոր հավատքի և էթիկայի մարդ, այդ իսկ պատճառով հաճախ դառնության բաժակներ դատարկել ։ Հավատքի և պաշտամունքի տաճարում միշտ էլ առաջին տեղերը հատկացված են եղել Աստծուն և Հայրենիքիս։ Հայաստանն է եղել երկրավոր սրբազնագույնն ինձ համար։ Շնչել, ապրել եմ նրան��վ՝ միշտ պատրաստ տառապելու, զոհաբերելու և մեռնելու նրա համար:
• Հայը Հայաստանից դուրս ենթակա է վատասերումի։ Այդ չարիքի դեմ պայքարել հնարավոր է միայն ցեղային արժեքների, առաքինությունների և սրբությունների խոր ճանաչումով ու վերապրումով. մի բան, որ հիմնավորեցի և անվանեցի Ցեղակրոնություն։ Դրա նպատակն էր անհայրենիք հայությանը հոգևոր ու քաղաքական անտիրությունից փրկելով` դարձնել հայրենատեր: Դա Հայրենատիրական շարժում է, որի մեջ վերանորոգվելով միայն պիտի միանան հայության բոլոր հատվածները։
• Յոթնիցս ստոր է նա, ով գերադասում է կյանքը մահից բոլոր պարագաների մեջ։ Թո՛ղ կատարվի անխուսափելին։ Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին:
Գիրքը շատ լավ ուղեցույց է երիտասարդության համար։ Ազգային պրոպագանդայի շատ արդյունավետ միջոց կարող էր դառնալ, եթե օրինակ ուսուցանվեր դպրոցներում։(զարմանում եմ(կամ չեմ զարմանում), թե ինչու չեն ուսուցանել ոչ առաջ, ոչ հիմա որպես հիմնական ներքին քարոզչական թեզ/նյութ):
Ինձ պակասեց «ինչու» հարցի պատասխանը։ Ամբողջ գիրքը պատասխանում էր «ինչ» և «ինչպես» հարցերին, բայց ոչ «ինչու»-ին։
Օրինակ. Ինչպես դառնալ հայրենանվեր զինվոր/քաղաքացի(տես «մեռնելու կամք») Ինչ է պարտվողական մտավորականությունը և ինչպես է այն քայքայում հայրենիքը։ Եվ այլն...
Կուզեի նաև տեսնել մտորումներ, կարծիքներ,(առավել ևս պնդումներ) թե ինչու է պետք մեռնելու կամք հենց Հայրենիքի համար։ Ինչու է հայրենիքը Նժդեհը համարում սրբազնագույնը անհատի հնարավոր նպատակներից։
Նժդեհ կարդալն այսօր առավել քան երբևէ անհրաժեշտություն է: Յուրաքանչյուր միտք կարդալուց հետո ուզում ես ասել Ամեն: Նրա յուրաքանչյուր միտք սթափեցնող է, ոգևորող, առաջ մղող:
Նժդեհն էլ է փրկությունը տեսնում երիտասարդների մեջ, որոնք պետք է Հայաստանը երկրավոր սրբազնագույնը կհռչակեն իրենց համար, ինչպես արել է Նժդեհը: Փրկությունը մեր մեջ է, մեր վերափոխման մեջ է, չկա փրկություն մեզանից դուրս, ինչպես չկա երջանկություն մեզանից դուրս: Ինչպես Նժդեհն է ասում մենք պիտ չճանաչենք երջանիկ լինելու մի այլ միջոց, քան մեր ցեղի և նմանների համար աշխատելն ու տառապելը:
Հենց այս գրքում Նժդեհը խոսում է, թե ինչպիսին պիտի լինի վաղվա սերունդը, և որ այդպիսին լինելու համար կպահանջվի պայքարի մեջ մտնել հայրերի հետ: Իրականում գրքում տրվում է հայրենիքը դժվարին իրավիճակից ահնելու բոլոր ձևերը, հատկությունները, խոսվում ՀԱՅ մարդու մասին: Հատկապես այս ժամանակաշրջանում ու հայրենիքի այս վիճակում գիրքը կարդալը օգտակար ու պարտադիր է՝ հասկանալու համար, թե ինչպիսին է եղել այն ժամանակվա հայության վիճակը, ոգեշնչվելու և ինչպես Նժդեհն է ասում ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԱՀԱՐԳԱՆՔԻ համար:
Այս գիրքը թող գաղափարախոսություն դառնա։ Թող հայ երիտասարդությունը (ես և բոլորս) արիանա, թող աշխարհը հայորեն բառը որպես հոմանիշ օգտագործի քաջորենին։ Թող մեր ազգից կորչեն պարտվողական հակամայիսքսանութականները։ #Նժդեհ #անկախություն #անկախությանսերունդ
Ամեն բառը ներկայի մասին է։Ապերախտ ժողովուրդը պետք է Նժդեհ կարդա,հիշի իր հաղթած հրամանատարին,ում սուրը ազատագրել էր հողեր։100 տարի առաջ գրված պատգամը կանխագուշակումն էր ստորացուցիչ ապագայի։ Ով‘ հայ ժողովուրդ,քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է...
Նժդեհի իմ ամենասիրելի գործերից է, որ սեղանի գիրք պետք է լինի՝ ժամանակ առ ժամանակ վերընթերցելու և կուլ տալու բոլոր առանցքային մտքերը։ Հաստատ արժե ու անհրաժեշտ է կարդալ՝ իհարկե քննադատական և վերլուծական մտածողությունը վառ պահած։