«Լուսանկարչության հարցեր» գիրքը լուսանկարչության հանդեպ հեղինակների հետաքրքրությունների և մտահոգությունների արտահայտությունն է, որն ուզում են կիսել ընթերցողների հետ։ Այն նախատեսված է լուսանկարչությամբ հետաքրքրվողների, սկսնակ լուսանկարիչների, ինչպես նաև մասնագետների համար։
Եթե մի բառով գրեմ գրքի մասին կարծիքս` նախշուն գիրք էր։ Զգացվում է, որ հեղինակները մեծ աշխատանք են կատարել` ներկայացնելով լույսի էությունից մինչև թվային լուսանկարներ։ Գիրքը չեմ գնահատում, որովհետև գեղարվեստական կամ մասնագիտական չի, ոչ էլ ես առանձնապես փորձ ունեմ լուսանկարչության մեջ։ Բայց անպայման սկսնակ լուսանկարիչներին խորհուրդ կտամ կարդալ։ Հայերեն տերմիններն էլ հաճախ խորթ էին հնչում, բայց վերջում նաև տերմինների բառարան կար։ Ինչևէ, ապրեն հեղինակները սենց լավ ձեռնարկ ստեղծելու համար։
Մտածում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե երկու առանձին ձեռնարկ լիներ լուսանկարչության տեսական ու տեխնիկական հարցերի մասին: Էսպես տեսական հատվածը շատ կարճ թվաց, մինչդեռ Մեդիալաբում Կարինն ավելի ընդարձակ, մանրամասն ու զիլ էր ներկայացնում: Էնպիսի տպավորություն էր, որ տեսական հատվածի համար հատկացված է եղել x քանակությամբ էջերի սահման, որտեղ հեղինակը պարտավորված է զգացել հասցնել խոսել, այս, այս ու այն հարցերի մասին: Ուզում եմ անպայման նշել, որ նշածս որևէ կապ չունի Կարինի գիտելիքների ու հմտությունների հետ, և իմ ասածը հենց էն է, որ կուզեի, որ Կարինի հատվածն ավելի ընդարձակ ու մանրամասն լիներ, ավելի շատ տեղ հատկացվեր դրան, որովհետև չեմ կարծում, որ դրան խանգարող որևէ հանգամանք է եղել:
Տեխնիկական հատվածը մեծ դժվարությամբ տրվեց նախ ֆիզիկայի վատ իմացության, հետո՝ ձեռքի տակ անընդհատ խցիկ չունենալու պատճառով, ուստի մանրամասն նշումներ էի անում, փորձում գուգլել ու հասկանալ գրեթե ամեն տերմին ու սահմանում: Վահեն, ոնց դասերի ժամանակ, էնպես էլ գրավոր տեքստում հնարավոր ամեն բան անում էր, որ նյութը հասկանալի լինի, բայց դա միայն իրենից կախված չէր, այլ մարդու/ընթերցողի տեխնիկական հնարավորությունից, ոնց և թվանշային, և ժապավենով խցիկ ունենալը, և բնագիտական գիտելիքներից ու տրամաբանությունից: Տեխնիկական հատվածը կարևոր էր ոչ միայն էն իմաստով, որ մարդը սովորում է լուսանկարելու կանոնները և այլն, այլ նաև լուսանկարչության տեխնիկական կողմը տեսնելու: Եթե տեսական հատվածում Կարինը ներկայացնում է էն, որ սկզբնական շրջանում մարդիկ լուսանկարչությունն ընկալել են որպես արհեստ, ապա հիմա, իմ կարծիքով, վատ չէր լինի, որ հասկանային ու կարևորեին նաև տեխնիկական կողմը, որ թվում է, թե ակնհայտ է, բայց բավականաչափ չի կարևորվում: Ես չեմ խոսում կանոնիկ լուսանկարելու, լուսանկարչության մասին, այլ լուսանկարելու և լուսանկարչության վերաբերյալ պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելու, զարգացնելու կարևորության, լուսանկարչությունը պակաս պաթետիկացնելու անհրաժեշտության և սա, առաջին հերթին, վերաբերում է ինձ: Ես կարծում եմ, որ լուսանկարչության տեխնիկական հատվածի որոշակի տիրապետման շնորհիվ մարդիկ այլ վերաբերմունք ցույց կտան լուսանկարի, լուսանկարչական խցիկի հանդեպ, ավելի կարժեւորեն այն ու լուսանկարչությունը և տեխնիկական, և տեսական/ փիլիսոփայական իմաստով ավելի իրեղեն ու շոշափելի կլինի, ինչն, իմ կարծիքով, շատ կարևոր է: Ինչպես արդեն վերևում նշեցի, տեխնիկական հատվածն ավելի բարդ է, մասնագիտական, բայց կարևոր: Հիշեցի, որ Բենյամինը շատ էր կարևորում լուսանկարչական գրագիտությունը, և լուսանկարչության տեսաբան լինելով հանդերձ տիրապետում էր տեխնիկական կողմին:
Հեղինակները շատ-շատ կարևոր գործ են արել ոչ միայն ձեռնարկ այլև տերմինների բառացանկ մշակելով, որի մասին առանձին ուզում եմ նշել:
Ընդհանուր պատկերացումներ կազմելու, իբրև դասագիրք ծառայելու առումով կարևոր ձեռնարկ է: Մեկ էլ կարևոր է հեղինակների վերաբերմունքը ձեռնարկի, լուսանկարչության, իրենց արած գործի հանդեպ, որը փոխանցվում է նաև ընթերցողին :)