Newmag-ի 100 մոնոլոգները մի քանի սերնդի հետաքրքիր ներկայացուցիչների փսիխոգենեզի ցուցիչներ են, որոնք ուղեկցվում են սև-սպիտակ լուսանկարներով: Այդ ֆոտոները զերծ են գունային խաբկանքից և մեր հերոսներին պատկերում են իրենց բնական գոգեվիճակում: Լուսանկարներն արվել են ըստ գործող անձանց խոստովանության տարեթվերի և այս գրքում չեն փոխարինվել նորերով:
Նպատակը մեկն է. մեր ժամանակների հերոսներին պատկերել՝ պահպանելով իրենց ապրած օրերի դիմագիծը, ոչ հեռավոր անցյալին բնորոշ խոհերն ու հասարակական այն դերը, որը նրանք ստանձնել էին Newmag-ի համարներում հայտնվելու շրջանում: Ահա ինչու յուրաքանչյու մոնոլոգի կողքին արձանագրված են Newmag-ի համարը, ամիսը, ամսաթիվը: Բարի գալուստ անցյալ, բարի գալուստ 100 պարզ անհատականության բարդ ներաշխարհ:
Այն, ինչ երբեմն թվում է սովորական, ընթացիկ, տարիների ընթացքում ձեռք է բերում անսպասելի նոր նշանակություն։ Ճիշտ այնպես, ինչպես լուսանկարները։ Երբ այդ պահին լուսանկարում են, այդքան մեծ էմոցիոնալ նշանակություն չես տալիս, բայց ընդամենը մեկ տարի անց նույն լուսանկարը կարող է հույզերի փոթորիկ առաջացնել։
Նույնն էլ այս գրքով։ Երբեք չէի մտածի, որ այն, ինչ արել ենք 10 տարի շարունակ newmag ամսագրով, հնարավոր է մի օր արդեն մի քիչ ավելի մեծ կտավ, ավելի էմոցիոնալ գիր, ավելի էպոխան ընդգրկող և այն ցույց տվող գիրք։
Հենց այդպիսին է այս գիրքը. ազնիվ, անկեղծ, էմոցիոնալ, մի քիչ ընդհանուր տրամադրությամբ՝ տխուր ու մելամաղձոտ ու մտածելու առիթ տվող։ Սա գիրք չէ, որ պետք է կարդալ առաջին էջից մինչև վերջին էջը։ Ճիշտ հակառակը, սա սեղանի գիրք է, որ պետք է լինի ձեռքի տակ, երբեմն բացել պատահական էջից, կարդալ պատահական մոնոլոգը կամ հիշել ինչ-որ մեկին, փնտրել ցանկում, գտնել ու կարդալ։ Կարդալ դանդաղ, խորասուզված ու տրամադրված։ Առավել ևս, որ մեկ մոնոլոգի ընթերցանությունը Ձեզանից կխլի ընդամենը 3 րոպե։