Այս վեպը հեղինակը սկսել է գրել 2010 թվականին, ավարտին է հասցրել 10 տարի անց։ Գրքի գլխավոր հերոսները երկուսն են՝ գործազուրկ Պողոսը և նաիրյան երկրի նախագահը։ Ամեն ինչ սկսվում է այն պահին, երբ Պողոսը «Համապետական լոտոյի» տոմսակ է գնում։ Մրցանակը՝ հանդիպում նախագահի հետ։
Վեպը ներկայացնում է Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները և ճակատագրական հանդիպումը Պողոսի հետ։ Ո՞րն է լինելու շահումը, նախագահն ի՞նչ է ընծայելու Պողոսին։ Ինչո՞ւ է նախագահը վիճակախաղ անցկացնում իր գահակալության մայրամուտին։ Պողոսը կհամաձայնի՞ ընդունել նախագահի առաջարկը։
Ժամանակակից հայ գրողները չափազանց քիչ են գրում վեպեր, որոնք անդրադառնում են հանրային հարաբերություններին, այդ իրողություններում սովորական քաղաքացու ճակատագրին։
Սա բացառիկ վեպ է, որը պատմում է Նաիրիյան երկրի երկու քաղաքացու մասին՝ մեկը իշխանության գագաթին, մյուսը դրա ստորոտին։ Գիրքը պատմում է, թե ինչպես են հատվում այս ճակատագրերը, որտեղից է նրանցից յուրաքանչյուրը գալիս և վերջապես հանդիպումից հետո ուր կգնա։
Գրքի ոճի շնորհիվ, վեպն ընթերցվում է շատ արագ։ Չես էլ նկատում, որ հերոսների հետ ապրում են դրամատիկ պահեր, Նաիրյան երկրի հետ՝ պատմական որոշումներ։ Առանց վերամբարձ ոճի ու գրական հավակնությունների, սա ժամանակակից ու դինամիկ վեպ է՝ նախատեսված մերօրյա ընթերցողի հետ։
Ժամանակակից գրականություն կա՛. ու չծեծված թեմա էլ կա։
Գիրքը գրվել է 10 տարվա ընթացքում, բայց վստահ եմ՝ շատ կարևոր դրվագներ լրացվել են վերջին երկու տարիներին կատարված իրադարձություններից ելնելով։ Հայաստանյան քաղաքական կյանքին ծանոթ մարդը էս գրքում լիքը հետաքրքիր զուգադիպություններ կգտնի։
Էս առումով շատ հետաքրքիր էր Պողոսի պատմությանը զուգահեռ ընթացող նախագահի պատմությունը։ Բոլոր կողմերից ներկայացված էր նախագահի կերպարը, բայց նույնը չեմ կարող ասել Պողոսի մասին, կիսատ մնաց. եթե ուզում ես գրքի ավարտը թողնել ընթերցողի երևակայությանը, ուրեմն պետք է նախադրյալներ ստեղծես դրա համար։ Ես չհասցրի Պողոսի կերպարը ամբողջովին ստանալ գլխումս, էլ ուր մնաց պատկերացնել ավարտը.
Իհարկե, հոգուս խորքում հույս ունեմ, որ կկարդանք գրքի շարունակությունը։❤
Լավն էր, ճանաչելի էր, մի քիչ վախենալու էր, մի քիչ ծիծաղելի էր։ Հատկապես, երբ միլիոնավոր դետալներում սկսում ես ճանաչել նորագույն շրջանի հայոց քաղաքական իրականության երևույթները։ Բայց վերջանում ա էն ժամանակ, երբ կարծես նոր թափ էր հավաքում։ Հարու՛թ, ինչո՞ւ այդքան կարճ :( Նշենք Էդիկ Պողոսյանի հրաշալի ձևավորումը՝ էս տեսակ գիրքը ձեռքում բռնելը հաճելի ա (ու անընդհատ ուզում ես ինստագրամի ֆոտո անել):
«Մարդիկ, Պողո՛ս, չեն լինում սեւ ու սպիտակ, լավ կամ վատ, խելացի կամ անխելք, երջանիկ կամ դժբախտ, հիմար կամ իմաստուն: Ամեն ինչ շատ հարաբերական է: Մարդիկ տարբերվում են իրենց ընտրությամբ. ի՞նչ են ընտրում եւ ու՞մ են ընտրում: Ու՞մ հետ են կապում իրենց կյանքը, իրենց ապագան, երկրի կառավարումը, ի՞նչ են ընտրում՝ Աստծու՞ն, թե՞ համացանցը, ինքնախաբեությու՞նը, թե՞ հավաքական կամքը: Այդ երկընտրանքներն ամենուր են, ամեն պահ: Երբեմն այդ ընտրությունը ենթագիտակցաբար է: Մենք չենք էլ նկատում, որ ընտրում ենք: Իսկ, երբ ամենապարզ էակին կանգնեցնում ես պարզունակ ընտրության առաջ, կամ-կամ-ի դեմ հանդիպման, նա հիմնականում մոլորվում է, իսկ նաիրյան մարդը՝ հատկապես: Նա բարդ էակ է, իր որոշումներում առավելապես անգիտակից, ազդված պահից, շրջապատից, իր տրամադրությունից: Նա իր բոլոր մեծ որոշումները կատարում է ավանդույթի ուժով, իսկ փոքրերը՝ ցուցադրաբար ու ըստ պահի թելադրանքի: Իսկ այդ փոքր ցանկություններն էլ կենցաղային են եւ հիմնականում նյութական: Նաիրյան մարդու դառը ճակատագիրն է. նա երբեք ինքնաբավ չէ, չունի երջանկության հստակ բանաձեւ, չունի կյանքն ավելի լիարժեք ապրելու ոչ փորձ, ոչ էլ օրինակ: Նա բավարարված է զգում ոչ թե այն ժամանակ, երբ ինչ-որ բանի է հասել, այլ երբ դիմացինն իրենից հետ է ընկել, դժբախտ է կամ կարիքի մեջ:
Հարութին անձամբ ճանաչելով և մի որոշ ժամանակ համատեղ նախագծի շուրջ աշխատելով, առավել հետաքրքիր էր բացահայտել նրա գրական արդյունք ստեղծելու ունակությունը։ Ինձ համար, որպես պետական ապարատում տարիներ աշխատած մարդու, գիրքը հետաքրքիր էր այնքանով, որ բազմաթիվ դրվագներ և մտքեր հոգեհարազատ էին և, կարծես, իմ սեփական աշխատանքային առօրյայից վերցված լինեին։ Գրքի մեջ տեսնում ես նորանկախ Հայաստանի Հանրապետության քաղաքական մի շարք իրական գործընթացներ, քաղաքական գործիչների պրոտոտիպներ, և, ամենակարևորը, մեր հասարակությունը ճշգրիտ նկարագրող հոգեբանությունն ու մտածելակերպը։ Եվ այդ ամենը շատ ճիշտ մշակված և փաթեթավորված։ Գիրքը ընթերցվում է մեկ շնչով և շատ արդի է։ Կցանկանայի, որպեսզի Հարութը պսեվդոքաղաքական այս անտիուտոպիան շարունակեր և գրքի երկրորդ մասը ստեղծեր։ Հաջողություն եմ մաղթում հեղինակին և խորհուրդ տալիս բոլորին անպայման ընթերցել այս գիրքը։
Նայում եմ՝ Newmag-ի հրատարակություն, գլխավոր խմբագիրը՝ Գնել Նալբանդյան, ղեկավարը՝ Արտակ Ալեքսանյան, հեղինակը՝ ԿԲ հասարակության հետ կապերի բաժնի պետ Հարութ Կբեյան: Գազան դիզայն, թույն անուն, գիրքը գրվել է 10 ՏԱՐԻ, ԿԱՌԼ, ժանրն էլ՝ ՊՍԵՎԴՈՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՏԻՈՒՏՈՊԻԱ: Մեջը՝ չգիտեմ ինչ: Քաղաքականությունից լավ չեմ հասկանում, չեմ ջոգում՝ ուր ա տանում, բայց գրականության հետ ոչ մի կապ չունի: Մաքուր քաղաքականություն, զուգահեռներն ներկա իրավիճակի հետ, ինչ-որ պարզագույն քաղաքական փիլիսոփայություն (ալյա Կաոլո Պոելյո կամ Օդնո), ու ՈՉ ՄԻ սյուժետային լուծում, ՈՉ ՄԻ ձեռագիր, ՈՉ ՄԻ հետաքրքրություն: Թե խի՞ սենց շուխուռ արեցին, ու՞մ էր պետք, տենց էլ չհասկացա: Հ.Գ. Էս էն ՉԿԱՐԴԱԼՈՒ գրքերից ա: