Երկրորդ ու, ցավոք, վերջին գիրքն եմ կարդում Ֆիլյանից: Սիրահարվել եմ էս գրողի երևակայությանը, լեզվի հետ խաղերին, իրականության աբսուրդային ընկալմանը:
Իզուր չի, որ էս գործը ինձ հիշեցրեց աբսուրդի թատրոնի գրականության դեմքերին՝ Բեքեթ, Իոնեսկո, Ադամով: Ոչ գծային պատմողականություն, տրամաբանական կառուցվածքի բացակայություն, աշխարհի ու կյանքի իմաստի «անիմաստ» որոնումներ: Ժամանակը, տարածությունն ու հիշողությունը էս գրքում մեր իմացածը չեն, մեզ ծանոթ կանոներով չեն «խաղում»:
Բայց ի տարբերություն աբսուրդի թատրոնի դասականների՝ Ֆիլյանը ավելի մոտ ա մարդկային զգացմունքներին, նույնիսկ եթե սյուրռեալիստական կամ ֆանտաստիկ տարրերով ա լցնում պատմությունները։ Ու կա մի տեսակ մելանխոլիա, միայնություն, ինքնության կորուստ՝ ժամանակակից էքզիստենցիալ ճգնաժամի ավանդույթներով:
Անսովոր ու տեղ-տեղ դժվար էր հայերենով սենց աբսուրդիզմով լի բան կարդալը: Առաջաբանը շատ հոգեհարազատ էր ու ինձ թվաց՝ հենց էդ հարազատ պաչյանական ոճով ու հուզականությամբ էլ պիտի առաջ գնա: Ու չնայած նրանց գրվածքներում ոճային նմանություններ կան, Ֆիլյանի պատմվածքներում ես չգտա էն ամենը, ինչ գտել եմ Պաչյանի գործերում: Գուցե տեղին չի էս երկուսի տեքստերը համեմատելը: երևի Ժամանակը ցույց կտա:
Ֆիլյանը հիանալի բացահայտում էր ինձ համար՝ հայ ժամանակակից գրականության մեջ: Նրա էքզիստենցիալ ոգին էնքան հարազատ է թվում, որ նույնիսկ իր գործերի ծանրությունը ասես սփոփիչ ու հանգստացնող լինի։