Եթե ակնկալում եք ընթերցել թեթև գիրք՝ իրականությունից մի փոքր կտրվելու համար, ապա այս գիրքը հաստատ նման օրերի համար չէ։ Այս գիրքը կարդալուց հետո փորձելու եք ամեն կերպ մխրճվել իրականության մեջ։ Գիրքը շատ ծանր է, չնայած նրան, որ ծավալով փոքր է։ Գրքում յուրաքանչյուր հերոս ունի իր դժբախտությունը, յուրաքանչյուրը ունի պահարանում պահած իր կմախքները, որոնք հերթով դուրս կգան պահարանից։
Գրքի գլխավոր հերոսը Ռաֆն է։ Ռաֆը նկարիչ է։ Նա Երևանից Պրահա էր մեկնել ընդամենը մի քանի օրով, որ մասնակցեր <<Փոքր ժողովուրդների ժամանակակից նկարիչների>> ցուցահանդեսին։ Հայկական ռեստորանում, որը պատկանում էր հերոսներից մեկին՝ Զառային, Ռաֆը հանդիպում է հենց Միլոշին։
Միլոշը փողոցային նկարիչ էր, ով ուներ մեծ տաղանդ, բայց իր կյանքը նվիրել էր խմիչքին։
Ռաֆը ստանում է Պրահայում մնալու ու երկու ամիս աշխատելու առաջարկ։ Նոր բացվող հյուրանոցի պատերից մեկին պետք է որմնանկար նկարեր, Միլոշին կանչում է, որպես իր օգնական։ Ու, գուցե հենց այդ աշխատանքն է դառնում նրա համար ճակատագրական։ Կամ ավելի ճիշտ մի հանդիպում։
Ռաֆի ճակատագիրն էլ պարզ չէր։ Նա մի քանի տարի առաջ կորցրել էր կնոջն ու դեռ չծնված երեխային, այնուհետ մորը։ Հերոսի կինը՝ Սոֆին չար ճակատագրի ձեռքերով հայտնվել էր Ռուսաստանի այն թատրոնում, որը գրավել էին ահաբեկիչները, և դարձել նրանց զոհերից մեկը։ Ու հենց այս իրադարձությունները դարձան պատճառ, որ նրա ընկերը դառնար թմրանյութը։
Զառան ու Ռաֆի ուսանողական ընկերը՝ Իվանը փորձում են օգնել նրան, ուղարկում են բուժման, որպեսզի նա շարունակի ապրել նորմալ կյանքով ու առաջ գնա, թողնելով անցյալի ցավն անցյալում։ Բայց թե ինչպե՞ս կդասավորվի հերոսի կյանքը չգրեմ, որպեսզի ընթերցելով բացահայտեք։
Միլոշը գրքի երկրորդական հերոսներից է, սակայն միայն գրքի վերջում պարզ կդառնա, թե ինչու՞ է հեղինակը գիրքը կոչել <<Միլոշ>>։
Անպայման խորհուրդ եմ տալիս կարդալ գիրքը։ Հեղինակը ժամակակից լավագույն հայ գրողներից մեկն է, ում գրքերը անհնար է կարդալ ու չհուզվել, չարտասվել, չվիճել կյանքի անարդարության հետ։ Երևի մենք պետք է երջանիկ լինենք, որ հեղինակի հետ ապրում ենք նույն ժամանակաշրջանում ու իր գրքերը կարդում ենք այսօր։