Ծնվել է 1888 թվականի հոկտեմբերի 24-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, հոգևորականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Ամերիկյան վարժարանում։ 1909 թվականին ավարտելով Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, վերադարձել է Վան, որտեղ աշխատել է սկզբում որպես դերասան, ապա հայոց լեզվի ուսուցիչ Աղթամարի Սուրբ Խաչի դպրանոցում, այնուհետև Վանի մասնավոր Երամյան վարժարանում։
Առաջին երգիծական պամֆլետը՝ «Կամսարյան աշխարհագրությունը», տպագրել է 1910 թվականին Վանի «Աշխատանք» թերթում, որն անմիջապես հանրահայտ է դարձրել նրան։ 1915 թվականին մասնակցել է Վան-Այգեստանի ինքնապաշտպանության կռիվներին։
Գաղթելով Երևան, սկսել է թղթակցել կովկասյան բոլոր թերթերին։ 1921-1935 թվականներին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի երգիծական բաժնի աշխատակիցը։ 1935-1955 թվականները բռնադատվել է՝ բանտարկվելով սկզբում երևանյան բանտում, այնուհետև աքսորվել Վորկուտա և Բասարգեչար՝ ներկայիս Վարդենիս։ 1955 թվականի համաներմանը վերադարձել է Երևան։