Ինչո՞ւ է ժամանակակից արվեստը կանխատեսելի, հեռուստատեսությունը՝ տափակ, շոու-բիզնեսը՝ գռեհիկ։ Ինչպե՞ս վերաբերվել Ձեզ առնչվող ֆեյք նյուզերին ու դեղին մամուլի հրապարակումներին։
Եվ ե՛րբ ու ո՛ր տարիքում վերջ տալ վատ սովորություններին։
Ազնավուրն այս խոսում է ամենապոպուլյար հարցերի մասին։ Արվեստ, ամերիկյան մշակույթի պատճենում և քաղաքականություն։ Ազնավուրը պատմում է, թե ինչպես է քվեարկել ընտրությունների ժամանակ, արձագանքել իր մահվան մասին կեղծ լուրերին, ծանոթացել իր կեղծ ազգականների հետ, առաջին անգամ նստել նախագահական օդանավ ու դեսպան աշխատել։ Եվ հենց այս գրքում, պատասխանում է հարցին. Դուք ավելի շուտ ֆրանսիացի՞ եք, թե՞ հայ։
Ազնավուրի արձակն ունի մի համեստ հմայք. նա գրում է անկեղծ, առանց պարտադրելու։ Իր կարծիքը շարադրում է առանց որևէ երկիմաստության։ Ավելին, գրում է, ոչ թե որովհետև ի լուր աշխարհի պետք է հայտնի իր դատավճիռը, այլ որովհետև կարծում է, որ իսկապես ունի փորձ ու աշխարհայացք և ցանկանում է կիսվել դրանով։
ԵՎ ամեն տեքստի սկզբում, վերջում կամ մեջտեղում դնում է բանաստեղծություն, կարծես զգուշացնելով. Ես ընդամենը արտիստ եմ, ո՛չ փիլիսոփա, հետևաբար սա սոսկ իմ կարծիքն է։ Ու հավանաբար հենց այդ համեստության պատճառով էլ սկսում ես ավելի ուշադիր կարդալ, ավելի հարգանքով վերաբերել նրա մտքերին և ավելի խնամքով մոտենալ նրա կարծիքին։