Այս գիրքն ամենախենթ երազանքն իրականություն դարձնելու մասին է։ Երազանքն այնքան համարձակ էր, որ անիրագործելի էր թվում։ Այդպես լրագրող Արա Թադեւոսյանը մի օր որոշում է Հայաստան հրավիրել համաշխարհային այն ռոք աստղերին, որոնք ժամանակին օգնեցին Սպիտակի երկրաշարժից տուժած երկրին։
Այս գիրքը երազանքը կյանքի կոչելու յուրօրինակ ճանապարհային քարտեզ է. ինչպե՞ս սկսել, ինչի՞ց, ի՞նչ անել, երբ հեռախոսազանգերն ու էլնամակները մնում են անպատասխան, երբ բոլորը՝ ընկերներից մինչեւ հովանավորներ, թերահավատ են քո գաղափարի հանդեպ, երբ նախապես ծրագրվածը վերջին 24 ժամում գլխիվայր փոխվում է։
Ինչ է պետք անմիջապես անել, եթե աստղը, ի վերջո, ժամանել է, բայց ատամնացավով։ Արա Թադեւոսյանն անկեղծորեն ու մանրամասն նկարագրում է նորանկախ Հայաստանի թերեւս ամենաաստղային նախաձեռնության ետնաբեմը, որը կարող է հետաքրքրել ոչ միայն ռոքի սիրահարներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր ունեն անիրագործելի թվացող երազանքներ, դրանց հասնելու աննահանջ կամք ու անսպառ եռանդ։
«Այս գիրքն առաջին հերթին սիրո մասին է: Ցանկանում եմ, որ սիրեք ու սիրված լինեք:» Ամեն անգամ գիրքը բացելիս առաջինը հեղինակի կողմից մակագրած այս նախադասությունն եմ տեսնում: Իսկ գիրքը հաճախ եմ թերթում, քանի որ ինձ շատ մոտիվացիա տվող գրքերի շարքում է: Ամեն անգամ, երբ մտածում եմ` չեմ կարող, դժվար է, միգուցե այս գործը չանեմ, միանգամից մտքիս են գալիս հեղինակի անհավանական երազանքներն ու հիշում եմ, որ հեղինակը բոլորը կյանքի է կոչել, ու սկսում եմ հավատալ, որ ես էլ կարող եմ:
Արա Թադևոսյանը գրքում պատմում է իր երազանքների ու դրանց իրականացման ճանապարհի մասին: Հեղինակն իր արկածները անվանում է անհավանական: Նա Հայաստան էր հրավիրել Իեն Գիլանին և Թոնի Այոմիին: Եվ իրոք, մի պահ մտածում ես` 12 տարի առաջ համացանցը դեռ այդքան զարգացած չէր, աստղերի հետ կապ հաստատելը այդքան էլ իրական չէր, չնայած` այսօր էլ համաշխարհային աստղերի մեծ մասի հետ կապ հաստատելը հեշտ չէ: Իսկ հեղինակին հաջողվել էր ոչ միայն նրանց հրավիրել, այլև համերգ կազմակերպել:
Իհարկե համերգը կազմակերպվեց պետության աջակցությամբ, սակայն, երբ չկա սեփական երազանքի հանդեպ հավատ, ոչ մի ուժ չի կարող այն իրական դարձնել: Եթե հեղինակը նամակ չգրեր, ոչ ոք չէր էլ իմանա նրա երազանքի մասին, եթե իր երազանքը դներ մութ անկյունում` մի հին տուփի մեջ, ապա այն հավերժ էլ այնտեղ կմնար, իսկ Armenia Grateful 2 Rock-ը կլիներ դատարկ դահլիճում հնչող լռություն: Իր երազանքների իրագործման ճանապարհին հեղինակը բախվում է մի շարք խնդրիների, որոնց բախվելով շատերը ուղղակի կհրաժարվեին մինչև վերջ գնալուց և կանգ կառնեին հենց այդ կետում:
Սա չհանձնվելու ու դեպի նպատակը մինչև վերջ գնալու վառ օրինակ է: Սա սեփական անձի հանդեպ տարած մեծագույն հաղթանակն է, երբ գերազանց անում ես այն, ինչն առաջ ձախողվում էր: Այս գիրքը ստիպում է երազել, այն տալիս է քեզ կատարված երազանքների օրինակներ, և ստիպում ունենալ սեփական օրինակները, այն ստիպում է գործել, երբեք ձեռքերը ծալած չնստել ու չսպասել հրաշքի, քանի որ միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ են իրականանում հնարավոր ու անհնար երազանքները։
Հիմա շատ մոդայիկ են մոտիվացիոն life changing բեսթսելլերները, որ պրակտիկ ուղեցույց են նպատակների իրագործման համար։ Արիկը coach-ի դերում հանդես չի եկել, պարզապես պատմել է իր պատմությունը, որը յուրաքանչյուրս յուրովի կընկալենք և ի գիտությւոն կընդունենք․ մեկի համար լրագրողական մաստեր կլաս է, մյուսի համար դասականի ռոքի էնցիկլոպեդիա, մեկի համար հիշեցում է, որ հանձնվել չի կարելի ոչ մի դեպքում, մյուսի համար երազանք-նպատակի իրագործման ճանապարհը սկսելու հավելյալ խթան/դոպինգ։ Ինձ համար բոլորը միասին էր, ու մի բան էլ ավելի։ Նախախնամությունն այն է, որ հենց Արիկն էր առաջիններից մեկը, որ լսեց իմ երազած նախագծի մասին ու ասեց իրագործելի է։ Հիմա երկու տարի անց՝ էդ նախագծի ծնվելուց հինգ պակաս այս գիրքը կարդալը ուժի ու մոտիվացիայի անսպառ աղբյուր էր։
Այս գրրքը սիրո մասին է։ Սա հեղինակն էլ է ասում, այս փաստը ընթերցողն էլ կհաստատի գիրքը ավարտելուց հետո։
Այս գիրքը երախտագիտության մասին է։ Այն մասին, որ բարեգործություն չեն անում անելու համար, որ բարի գործի պատասխանը արվածի կենսունակությունն ու շարունակականությունը պահպանելն է։
Ու այս գիրքը հավատի մասին է։ Սեփական ուժերին հավատալու համարձակության մասին։ Այն մասին, որ միայն քո հավատը բավարար չէ մեծ գործեր անելու համար։ Ոչ պակաս կարևոր են մարդիկ, որ հավատում են քեզ ու քո անհավանական, խենթ գաղափարներին։
Առհասարակ, այս գիրքը միայն Արիկի ու իր երազանքի մասին չէ, որը կարողացել է ձևակերպել ճիշտ նպատակի և իրագործել՝ չնայած հիասթափվելու ու հետ կանգնելու բազմաթիվ գայթակղություններին։ Այս գիրքը յուրաքանչյուրի մասին է, ով գիտակցել ու ճանաչել է սեփական երազանքներն ու առաքելություն դարձրել դրանց կյանքի կոչումը։
Ի վերջո, այս գիրքը հաճելի, մի քանի ժամում ընթերցվող հուզիչ վավերագրություն է, որը մեր երկրի եռեսնամյա անկախության պատմության մի դրվագն է, կարևոր և հիշարժան։
Շատ դժվար է լինել օբյեկտիվ, երբ կարդում ես գիրք քո սերնդակիցների ու քո ժամանակների մասին, ոչ թե տեղեկանում ես, այլ հիշում։ Այդ իմաստով ցանկացած գրքի ամենասուբյեկտիվ գնահատողները այդ գրքի ժամանակակիցներն են։
Բայց Արիկի գիրքն ունի մեկ առավելություն. այն ոչինչ չի պարտադրում՝ ոչ կենսափիլիսոփայություն, ոչ հայացքներ, ոչ էլ ճաշակ։ Այն առաջարկում է՝ համեստ (ինչպես հեղինակը) և առանց պարտադրանքի։
Մեկ կարևոր հանգամանք ևս. դուք հնարավոր է ռոքի մեծ սիրահար չեք (ինչպես ես), և հնարավոր է չգիտեք, թե ովքեր են Թոնի Այոմին կամ Իեն Գիլանը (գիտեի, բայց այս գրքով իմացա ավելին), բայց Ձեզ հաստատ կհետաքրքրի գիրքը project management-ի տեսանկյունից՝ ինչպես մի օր մտքիդ եկածը, ամենախենթ գաղափարը կյանքի կոչել։
... Ծովափին գիրք կարդալն իմ ամենասիրելի զբաղմունքներից ա... երեւի ավելի, քան բուն ծով մտնելը 😉 շատ եմ սիրում էդ գործը 😇 Էս ամառ, ծովի ճամփան բռնելուց առաջ՝ մի հայացք նետեցի իմ շուրջբոլորը կուտակված՝ իմ կողմից ընթերցվելուն սպասող գրքերի բլուրիկներին, ու որոշեցի վերցել Ara Tadevosyan-ի «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը...
Շատ-շատ-շատ հավանեցի։ Անկեղծ, հուզիչ, հոգեհարազատ գործ էր՝ գրված առանց ավելորդ պաթոսի կամ պարծենկոտության։ Արիկն ուղղակի պատմում ա (տեղ-տեղ՝ բավական անկեղծ) մի սիրուն պատմություն, որում մեր երկրի ծանր պահերն են, ստեղծման տարիները, ֆոնում՝ քաղաքական իրադարձություններ... բայց ամենակարեւորը, առանցքայինը, ըստ իս, մեր պատանեկությունն ու երիտասարդությունն են, որ ԷԴՔԱՆ միավորող են, էդքան հարազատ, էդքան հուզիչ, գրողը տանի... Գիրքն ավարտեցի 2 օրում. ընթացքում ու վերջին էջից հետո փորձում էի հասկանալ, թե ո՞րն ա գաղտնիքը, որ էս «փաստավավերագրական» մեմուարը ինձ կարա ստիպի ծովի ափին պառկած լացել... այ էդքա՛ն հուզիչ էին որոշ կտորներ։ Եզրակացությունս էն ա, որ ինձ համար ահավոր հուզիչ են մարդկային ապրումակցման, անշահախնդիր օգնության, զանգվածային երախտիքի դրսեւորումները։ ու էս ամենի ֆոնին՝ մեր 90-ականները։ ՄԵՐ 90-ականները... էդ 90-ականների վինիլները, կասետները, երգերի՝ սարսափելի դժվարությամբ հայթայթվող տեքստերը, պաստառները, էժան գինիներն ու անվերջ հավաքները... ու իհարկե՝ մեր ներսում ու մեր շուրջը հնչող rock-ը։ ապրես, Արիկ։ շատ սիրուն պատմություն էր՝ գրված արժանապատիվ համեստությամբ։
ՀԳ. մի առանձին հաճույք էր գրքում հանդիպելը մարդկանց, ում անձամբ եմ ճանաչում... հավես էր, որ մենք բոլորս էդքան շատ բան ունենք՝ մեզ միավորող (սա չպիտի մոռանալ, ժողովուրդ). Margarit Piliposyan, Vahan Stepanyan, Nar Barz, Karen Antonyan, Eric Hayrapetyan, Արտաշես Էմին, այլք...
«Երևի բանալին այն անկեղծությունն է, որով լցված էին մեր իննսունականները և մեր հավատը, որ այն, ինչ լսում ենք վատ ձայնագրությամբ, մի օր կլսենք կենդանի կատարմամբ, այն, ինչ կարդում ենք, կտեսնենք անձամբ, այն, ինչ երազում ենք, կիրագործենք, այն, ինչ սիրում ենք, շարունակություն կունենա»։ Երևի հենց էս միտքն էլ լավագույնս ամփոփում էր գրքի ասելիքը։ Հեղինակը պարզ լեզվով պատմում էր ապրող երազանքի մասին, որը վերածվում է նպատակի, հսկայական պատասխանատվության ու բարեհաջող իրագործման։ Իսկ ճանապարհին հանդիպող խնդիրների մասին էնպիսի հանգստությամբ էր գրված, որ երբեմն անգամ չէիր հասցնում «հասկանալ» դրանց մեծությունը։ Գիրքը վստահաբար կարող են կարդալ նաև ռոք չսիրողները, բայց եթե ռոքի սիրահար եք, ազդեցությունն ու էմոցիաները բազմապատիկ կլինեն։
As thinking about the author, he is a great man who didn't give up. Who believed he can do it, and he achieved what he wanted. Good example) As a rock lover who lives in Armenia...reading this was like remembering what was going on 10 years ago, when I was only 15 and couldn't believe that I can be at my most favourite band's concert. It was like freshening my memory, emotions, expectations.. And I do a little envy (not in bad way) Ara, cause he got Gillan, Iommy and others as his friends..good job, keep it up. And thank you too, Ara, for organizing "Armenia grateful to rock" and other events!
Կարդացածս լավագույն մեմուարներից էր❤️ Ռոքի, սեփական երազանքներին հասնելու և այդ երազանքների ճանապարհին սովորած շատ ու շատ դասերի մասին էր գիրքը։ Հատկապես ռոքի սիրահարներին խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ։
Կարդացի 1.5 ժամում։ Էմոցիոնալ էր, առանց ավելորդությունների, բայց փոխանցող։ Գեղարվեստական գրականության կողմից լինելով` լինում են դեպքեր, երբ ինքնակենսագրականները յուրահատուկ հուզմունք են առաջացնում։ Դրանցից էր այս գիրքը։ Read it in1.5 hours with moments of tears and emotions. This book is like watching a podcast. For me who loves fiction, sometimes there are autobiography books that bring excitement.