«Յիշիր պատերազմը» հայ մեծանուն գործիչ Գարեգին Նժդեհի մտավոր հարուստ ժառանգություններից մեկն է։ Այն իրենից ներկայացնում է Բոստոնի «Հայրենիք» օրաթերթի 1930թ. մայիս, հունիս ամիսների համարներում հրապարակված հոդվածների շարք։ Այստեղ հեղինակն անդրադառնում է հայ ժողովրդին սպառնացող ներքին և արտաքին վտանգներին ու խնդիրներին, ինչպես նաև դրանց լուծման ուղիներին ու միջոցներին: «Յիշիր պատերազմը» հոդվածաշարի որոշ հատվածներ տեղ են գտել նաև Նժդեհի հրապարակած այլ գործերում, մասնավորապես «Հայ դասական արիությունը» հոդվածաշարում և «Ցեղի ոգու շարժը» գրքույկում:
Բովանդակություն
I. Կայ մարդը՝ կայ պատերազմը II: Չխրատուող ժողովուրդը III: Ռազմարուեստ (ճակատամարտի հոգեբանական կողմը) IV։ Ցեղային ինքնաճանաչողութիւն V։ Ցեղային բարոյականը VI։ Հայ զէնքի անյաջողութեան պատճառները VII։ Ցեղային բարոյականի պահանջները VIII։ Նոր Հայը
Իր ցեղի ձայնին չհնազանդելով ժողովուրդը պատժւումէ մահուամբ։
Տարիներէ ի վեր իմ մտածումը կը դառնայ մի հիմնական հարցի շուրջը. ճիշդ այնպէս, ինչպէս կալանաւորը անվերջ կը դառնայ այն սիւնի շուրջը, որին շղթայուած է ինքը։
Իմ «Բաց նամակներ հայ մտաւորականութեան» յօդուածաշարքը մի վճռական փորձ էր՝ հայ քաղաքական միտքը ներգործօն կերպով զբաղեցնելու մեր ժողովրդի ֆիզիքական ինքնապաշտպանութեան խնդրով։ Իսկ «Որդիների պայքարը հայրերի դէմ» իմ գիրքը մի անհանգստացուցիչ աղաղակ էր հայութեան վտանգուած ապագայի մասին։
Այդ երկու աշխատութեանց մէջ ցանցնուած մտածումներս կարելի պիտի լինէր բիւրեղացնել հետեւեալ հատուածի մէջ.—
«Չնայած որ հարեւաններէդ մահուան ես դատապարտուած, հայ ժողովուրդ, բայց եւ այնպէս մահուան դատավճռից խուսափելու բազում ճամբաներ ունիս»։
Ահա այդ մահէն խուսափելու միջոցներէն մէկը հայութեան ցոյց տալու համար է, որ ձեռնարկում եմ այս նոր աշխատութեանը՝ «Յիշի՛ր պատերազմը»։
Ծնվել է քահանայի ընտանիքում 1886 թ-ին՝ Նախիջևան գավառի Կզնուտ գյուղում։ Եղել է ընտանիքի չորրորդ երեխան։ Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո` Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև անցել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքում համալսարանը ու ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանականության դեմ։ 1906 թվականին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թ-ին վերադառնում է Կովկաս։ 1907-թ մտնում է Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը 1909 թ վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի, տեղափոխվում է Բուլղարիա։ Երբ 1912 թ-ին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։ Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։ Առաջին համաշխարհային պատերազմ տարիներին լինելով զորավար Դրոի օգնականը 1918 թ-ի գարնանը վարում է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։ Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Վանաձոր։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Վանաձորի եռօրյա հերոսակամարտով՝ հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Վանաձորում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհը արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի։ Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, 1918 թ վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թ օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։ Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն, և, փոխարենը, սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը։ 1920 թ-ի օգոստոսին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարի, Զանգերզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին կարմիր բանակի կողմից: Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ և գործի դրեց Դավիթբեկյան ուխտերը։ 1920 թվականի օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։ Մարտեր մղելով գերակշիռ 11-րդ կարմիր բանակի հետ մինչև 1921 թ., նա միայն լքում է Զանգեզուրը իշխանությունների կողմից երաշխիք ստանալուց հետո, ըստ որի Զանգեզուրը մնալու էր Հայաստանի կողմից: 1921 թ-ին Նժդեհն իր զինակիցներով անցնում է Պարսկաստան: Այնտեղ մնալով 4 ամիս, նա շուտով հեռանում է Բուլղարիա:
Սկզբում տեղադրեմ Նժդեհի այս խոսքը հետո անցնեմ մնացածին
«Ընկաւ Հայաստանը, քանզի անմիաբանութեան չար ոգին մեր ժողովրդից խլեր էր անօրինակ քաջութիւնից ազատօրէն ու լիուլի օգտւելու կարելիութիւնը։» Նժդեհը իսկական հայերենասեր է, ազգի նվիրյալ ու գաղափարային անհատ։ Իր շնորհիվ է Սյունիքը Հայաստանի կազմում։ Ամենահետաքրքիրն այն է, որ Նժդեհի գրքերը ընթերցելիս՝ կարծիք ես կազմում, թե նա այդ ամենը գրել է հենց այս օրերի համար։ Հրամանատարի վերբերմունքը զինվորին, զինվորի հոգեբանությունը կռվի ժամանակ, վախի հաղթահարման մասին նրա խոհերը, քաղաքական պառակտումների ու թշնամիների մասին մտքերը, բոլորը կարծես համընկնում են ու միշտ արդիական կմնան քանի դեռ Մեծ պատերազմը չի ավարտվել։ Նժդեհը գիտեր իր զորքին առաջնորդել, փոքր զորքով ջախջախել թշնամուն, բայց Նժդեհի ամենակարևոր առաձնահատկությունը այն է, որ նա հավատում էր, որ ազգին կրթելով ու ազգային գաղափարախոսությամբ դաստիակելով է հնարավոր մեր երկրի անբախտ ճակատագրում բեկում մցնել, թե չէ միշտ ապրելու ենք պարտվողի ու ցեղասպանվածի հոգեբանությամբ։
Մեջբերումներ գրքից
Մարդը աշխարհ է եկել սեղմուած բռունցքով, որ իր առաջին զէնքն է եղել՝ միշտ պատրաստ յարձակուելու, հարուածելու, ոչնչացնելու այն ամէնը, ինչ որ սպառնացել է իր գոյութեան։ Նա իր թշնամին է համարել այն բոլոր ոյժերը, որոնց գոյութեան փաստը այս կամ այն ձեւով ու չափով փորձել է սահման դնել իր տարամերժ «ազատութեան»։ Եւ եթէ մի օր միանալով իր նմաններին, մղուել է վարելու ցեղային՝ եւ ապա դարեր յետոյ պետական կեանք, դա եղել է ոչ թէ գոյութեան պայքարին վերջ տալու ցանկութեամբ, այլ այդ վերջինը աւելի հեշտ եւ արգասաւոր դարձնելու նպատակով։ *** Կարգապահութիւնը ոչ ժխտում, ոչ էլ սահմանափակում է անհատի ազատութիւնը, ինչպէս հասկացել է հայը։ Դա կանոնաւորիչն է ճշմարիտ ազատութեան։ Առաւելագոյն ազատութիւնը, ինչպէս եւ հասարակական մօտաւոր արդարութիւնը, հնարաւոր է առաւելագոյն կարգապահութեամբ միայն։ *** «Վա՜յ այն ժողովրդին,— ասել է Ժոմինին,— որը զինուորական գիտութեան վրայ նայում է որպէս մի աւելորդ բեռի եւ որը չէ ըմբռնում նրա կարեւորութիւնը։ Այսպիսի ժողովուրդը պիտի հարկադրուի ուսումնասիրել այդ գիտութիւնը, եթէ միայն այլեւս ուշ չլինի»։ *** Իմ կարծիքով, երեք են այն ուժերը, որ հայութիւնը պէտք է լծի իր ինքնապաշտպանութեան ու բախտի կառքին՝ յետ այսու, որպէս ազգ, ապրել կարողանալու համար։ Այդ փրկարար ուժերն են՝ ռազմարուեստ, ցեղային ինքնաճանաչութիւն եւ ցեղային բարոյական։ *** III: Ռազմարուեստ (ճակատամարտի հոգեբանական կողմը) Մեր օրերում այլեւս ոչ ոք է ժխտում պատերազմի հոգեբանական կողմը, ինչպէս եւ ոչ ոք է ընդունում, թէ զինուորը աւելի չէ քան մի կենդանի մեքենայ։ Նուաճումների մասին երազող սպան պիտի սովորի նախ նուաճել իր զինուորների սիրտը, իսկ այդ բարոյական յաղթանակի համար՝ նա ընդունակ պիտի լինի, տարրական ռազմարուեստ ուսուցանելուց զատ, ղեկավարել գիտնալ նաեւ նրանց ներքին, հոգեկան կեանքը։ Չկայ աւելի սխալ, բարբարոս եւ բարոյազուրկ կարծիք քան այն, թէ պատիժներով կարելի է ուղղել մարդը. ինչպէս աւելի միամիտ կարծիք քան այն, թէ ձեւական օրէնքի ուժով կարելի է ստիպել զինուորին նետուելու մահուան գիրկը։ *** Անհատն ուզում է գիտենալ, թէ ինչո՞ւ է մեռնում, թէ ինչո՞ւ պիտի զոհաբերի իր կեանքը։ Դա մեռնողի սրբազան իրաւունքն է, որ պէտք է յարգուի իր ղեկավարների կողմից։ Զօրքը, որպէս ազգամիջեան պայքարի գործիք, հոգի ունեցող հաւաքական մարմին է եւ ոչ մեռեալ մեքենայ։ *** Հրամայել ու հնազանդուել՝ երկու համարժէք երեւոյթներ են, հաւասարապէս անհրաժեշտ բանակի գործառնութեանց համար։ *** Վախը վտանգ է տեսնում այնտեղ, ուր չկայ։ Չկայ աւելի վատ եւ ստոր խորհրդական քան վախը, որ սպանում է իրեն ենթարկուողներին երբեմն ֆիզիքապէս, բայց միշտ էլ բարոյապէս։ Վախը, որ առաջացնում է խաւարը, մենակութիւնը, անորոշութիւնը, չարագուշակ լռութիւնը, ծայրայեղ յոգնածութիւնը, քաղցը, տկարութիւնը, արնահոս վէրքը, սպանուածի դիակը եւայլն,— հարուածում է մեզ միաժամանակ ե՛ւ ֆիզիքապէս, ե՛ւ մտաւորապէս, ե՛ւ բարոյապէս։ Վախը սպանում է մեր խիղճը, մոռացնել տալիս մեր պարտականութիւնները, ուժեղացնելով անասունը մեր մէջ։ *** Ոչ մի տեղ անձնական օրինակը այնքան վարակիչ չէ, որքան կռուադաշտում։ Հոգեբանօրէն իրեն մինակ չզգալու համար, զինուորը ենթարկւում է այն բոլորին, որոնք իրենից ուժեղ են թւում, որոնք գիտեն խիզախել, յանդգնիլ, նախաձեռնել։ Նա նետւում է առաջ խիզախի հետ, անմտաբար յետ փախչում վախկոտի հետ. նա չէ կարող հոգեբանօրէն մինակ մնալ։ Զգա՞ց իրեն մինակ — այլեւս զօրամասն այն չէ, ինչ որ էր ժամ, վայրկեան առաջ, երբ իրեն հետ, իր կողքին էր զգում իր ցեղի բովանդակ ոյժը։ Նա պատրաստ է այլեւս փախչելու, այլեւս նա պատժուած է հոգեբանօրէն։ Այսպիսին է զինուորը կռւում։ * *** Նայի՛ր դրօշակին «Հասկանո՞ւմ ես կատարածդ»,— կը հարցնէր նաւապետը մէկին, որը նոր էր ընդունուած, որպէս նաւազ, եւ կայմի վրայ բարձրանալու փորձեր կը կատարէր։ Երիտասարդը արդէն կը մօտենար կայմի ամենաբարձր կէտին, երբ նայեց ներքեւ լեռնացող ալիքներին եւ գլխի պտոյտ զգաց։ «Նայի՛ր դրօշակին, նաւազ»,- ձայն տուեց նաւապետը՝ տեսնելով իր զինուորը վտանգի մէջ։ Տղան հնազանդուեց իր ղեկավարի ձայնին եւ յաջողութեամբ հասաւ կայմի ծայրը։ Նոյնը յաճախ զինուորի հետ տեղի է ունենում կռուադաշտում, ուր ամէն ինչ խօսում է, վկայում ստոյգ վտանգի, ցաւի ու մահուան մասին։ Ճակատագրական վայրկեանին զինուորը պէտք է լսէ իր պետի սրտապնդիչ ձայնը — «Զինուո՛ր, նայի՛ր վերեւ, դրօշակիդ»։ Դա ասել է՝ յիշի՛ր նպատակը, որի համար հազարներ ու հազարներ քեզ հետ զէնք են վերցրած։ Դա ասել է՝ արիացի՛ր, քանզի քեզ հետ է ցեղդ, որն ապրել է ուզում։ Դա ասել է՝ նայէ՛, վերեւն աչք կայ, որ տեսնում է քեզ, արթուն աչքը նախահայրիդ, որ կը հետեւի քո բոլոր շարժուձեւերին։ Նայիր դրօշակին։ Դա ասել է՝ մի մոռանար, որ սկսուած ճակատամարտի ելքից է կախուած հայրենիքիդ ճակատագիրը։ *** «Ցոյց տուէք մեզ մի մարդ, որ երգում է աշխատելու ժամանակ։ Դա աւելի գործ կը կատարի, աւելի լաւ կը կատարի եւ աւելի երկար կ’աշխատի։ Նա, որ առաջանում է երաժշտութեան հնչիւնների տակ, յոգնածութիւն չի զգում։ Ասում են, թէ աստղերը երաժշտութիւն են ստեղծում, երբ դառնում են իրենց մոլորակային ուղեգծի շուրջը,— շարունակում է Կարլէյլ։ *** Արդ, թէ ինչու եմ ասում՝ եղի՛ր կենդանի արեւ, քանզի յաղթական հանդիսանալու համար, զօրամասերդ պէտք ունին լոյսի, ջերմութեան եւ ուրախ տրամադրութեան»։ Չկայ աւելի գօտեպնդիչ, արիական եւ գեղեցիկ շարժուձեւ, քան ծիծաղը ցրտի, սովի, յոգնածութեան ժամանակ, ծիծաղը թշնամու քթի տակ վտանգի դէպքում, մահուան երեսին։ *** Չկայ աւելի խղճալի ղեկավար քան իր տէրերի հրամանները մեքենաբար գործադրողը։ Այդպիսիններից փախչում է յաջողութիւնը։ *** Ուզո՞ւմ ես յաղթել, եղիր կռւում նախաձեռնող, ստեղծագործ եւ արի։ *** Այո՛, որքան լաւ ես ճանաչում հակառակորդիդ, այնքան թոյլ է նա քեզ համար։ ճանաչիր թշնամուդ, որ հեշտութեամբ յաղթես նրան։ *** Այն, ինչ որ յաճախ դժուարանում է կատարել արդիական հեռաձիգ թնդանօթը, հեշտութեամբ կատարում է ղեկավարի զօրաւոր խօսքը։ Խօսքը՝ երբեմն հրամայող ու իշխող, երբեմն՝ կանչող ու մղող, խօսքը միշտ պատկերաւոր ու սեղմ, սրտերին կրակ, բազուկներին թափ, կամքերին մղում տուող խօսքն է իշխելու եւ վարելու միակ միջոցը։ Եւ որքան զօրաւոր՝ այնքան մեծ է նրա հմայքը, այնքան ընդարձակ է նրա տիրապետութիւնը։ Խօսքը՝ դա ինքը ղեկավարն է։ Յաղթելու համար քիչ է խելքը, տաղանդը, պէտք է զօրաւոր խօսքը։ Առանց զօրաւոր խօսքի բութ են սրերը, թոյլ՝ բազուկները, անվճռական՝ կամքերը։ Առանց զօրաւոր խօսքի չկայ իշխանութիւն հոգիների վրայ, իսկ առանց այդ իշանութեան՝ չկայ յաղթութիւն։ Մարդկային լեզուն չունի մի հատիկ բառ, որն այս կամ այն կերպ չազդեր կռւում գտնուող զինուորի հոգեբանութեան վրայ։ *** Պէտք է գիտենալ՝ ի՞նչ եւ ինչպէ՞ս խօսել զինուորին։ Իսկ դրա համար պէտք է ծանօթ լինել, եթէ այսպէս կարելի է ասել, «հոգեկան քիմիայի» օրէնքներին։ Պէտք է բաղադրել կարողանալ որոշ զգացումներ զինուորի մէջ՝ մեր ցանկացած հոգեկան յուզումն առաջացնելու համար։ *** Սուվորովի ամենասիրած խօսքն էր՝ «Աստուած է մեզ առաջնորդում, Նա՛ է մեր զօրավարը»։ *** Եթէ խօսքդ հայրենիքի մասին է, մի՛ խօսիր, այլ խօսեցուր հայրենիքը։ Այս ձեւով վարուիր եւ հերոսների եւ նահատակների նկատմամբ։ Մի խօսիր, այլ խօսեցրու նրանց. խօսիր, զգալով նրանց սրտի զարկը, շունչը, ներկայութիւնը։ *** Սիւնիքը յանձնել թշնամուն՝ կը նշանակէ հայ երկրի բանալիները եւ հայ ժողովրդի բախտն ընդմիշտ յանձնել իր իսլամ հարեւաններին։ *** Մոռացե՞լ էք, թէ ժողովուրդը հրամայել է մեզ՝ յաղթել կամ մեռնել։ *** «Ոսկրի որդ» այսպէս է խօսում Աստուածաշունչը նախանձի մասին։ Միշտ էլ թուլութեան ծնունդ՝ նախանձը չէ կարողանում տանել ուրիշների բարիքը, յաջողութիւնը, փառքը եւ զինւում է նրանց դէմ։ *** Անարի ժողովուրդները ընկնում են օտար լուծի տակ, կորցնում իրենց անկախութիւնը, այսինքն՝ միակ հոգեւոր մթնոլորտը, որի մէջ միայն հնարաւոր է ցեղերի առանձնայատուկ հանճարի փթթումը։ *** Հայութիւնը չգիտէ իր պատմութիւնը, ինչպէս եւ չգիտէ օգտուել իր պատմութիւնից,— ահա՛ իր դժբախտութիւնը։ Նա ծանօթ չէ իր հերոսական անցեալին, իր հիասքանչ դիւցազնականին, եւ դրա համար էլ նա հաւատում է ամէն ինչի, միայն ոչ իր սեփական բազկի ոյժին. դրա համար էլ իր ամբողջութեան մէջ նա անմարտունակ է եւ պարտուողական։ *** Արաբ տարեգրերը կը խօսին Եարմուքի ճակատամարտում Յորդանանի ափերի վրայ, հայ աղեղնաւորների ցոյց տուած ճարպիկութեան ու արիութեան մասին, նրանց գործը անուանելով «գործ կուրութեան», քանզի հայերը կը սպանեն եօթը հարիւր արաբ կտրիճներ, բոլորին էլ աչքերէն զարնելով։ *** Կարինը եւ Կարսը իրենց անկման նախօրեակին այլեւս բերդաքաղաք չէին, այլ մի-մի շուկայ, աւելին՝ մի նոր Արշակաւան, ուր կարելի էր ամէն մի քայլափոխում հանդիպել ոչնչով այդ փափուկ շրջաններին չը կապուած գաղթականին, զէնքի առեւտրով զբաղողին, դասալիքին, աւարառուին, չարաշահողին եւ նման մութ ահընկէց տարրերի ամբողջ խմբեր։ Հասկանալի չէ՞, որ նման քաոսի եւ ապականութեան մէջ բացարձակապէս անհնարին պիտի լինէր դիմադրութեան մղել ոչ թէ բարոյալքուած հայ զօրամասերը, այլեւ Կեսարի հռչականուն լեգէոնները։ Հետեւա՞նքը։ — Աննախընթաց խուճապ, գաղթ եւ... տխուր պատմութիւն։ Ինչո՞ւ Կարսն ընկաւ 1920թ. աշնան, որովհետեւ մեր զօրքը Կարսի տակ դարձած էր հաւաքական հոգուց զուրկ մի զանգուած, որի մէջ կային՝ նախկին ռուս ծառայութեան հայ զինուորը, անշուշտ, ծանօթ զէնքի գործածութեան, բայց հոգեբանօրէն դեռ ոչ ազգային զինուոր, մանր առեւտրականը, իր առօրեայ ապրումներով, չնկատուելու աստիճան չնչին թուով «մտաւորականներ» իրենց ծխական տրամադրութեամբ եւ օտարալեզու զինուորական արհեստաւորը։ Սեղմ ասած՝ կար պարտութեան եւ աղէտալի նահանջի համար ամէն ինչ, իսկ դիմադրութեան եւ յաղթանակի համար' ոչինչ։ *** — Որովհետեւ հայ ժողովուրդը վճռած է կտրել նահանջի հրաման արձակողի յանցաւոր ձեռքը։ Որովհետեւ հայ ռազմիկը միայն մի հատիկ ճամբայ է թողել թշնամուն՝ իր դիակի վրայով։ *** «Եւ, ո՛չ մի ընչազուրկ քո հողի վրայ»,— ժամանակին այսպէս կը խօսէի լեռնահայութեան, քանզի խեղճերի արցունքից եւ թոյլերի անարիութիւնից են կործանւում հայրենիքները։ *** Իսկապէս, ինչպէ՞ս կարող է հզօր եւ երջանիկ լինել մի ժողովուրդ, որի ճակատագրով չեն հետաքրքրւում իր բոլոր որդիները. մի պետութիւն, ուր իշխում են որոշ դասակարգեր, բայց ոչ բոլորը. մի հայրենիք, որը հարազատ մայրը չէ բոլորի եւ ամէն մէկի, որի մայրական ստինքները չեն ծծում իր բոլոր զաւակները։ *** Աւազի վրայ է հիմնուած այն պետութիւնը, ուր բարեկեցիկների կողքին կան թշուառ տարրեր՝ ենթակայ զրկանքի, գերի աղքատութեան։ Ամուր չէ այն պետութեան հիմքը, ուր առատութեան մէջ գգուողի ուրախ քրքիջների հետ լսւում է եւ աղքատի վայը։ *** Փորձեցէք մի վայրկեան մոռացութեան տալ հայ խաչի, այբուբէնի ու սրի հերոսներին, եւ էլ ոչինչ կը մնայ, որ իրաւունք տայ մեզ ազգ կոչուելու։ Հոգեւոր անապատի կը վերածուի մեր կեանքը, պատմութիւնը։ Դպրոց, եկեղեցի, ընտանիք կը կորցնեն իրենց բարոյական բովանդակութիւնն ու խարիսխը։ Կը ցամքին ստեղծագործ ոգեւորութեան բոլոր աղբիւրները։ *** Բարձր չես թշնամիներիցդ, եթէ վախենում ես նրանց չարախօսութիւններից։ Մաքուր խղճի չափ ուժեղ չէ եւ ոչ մի վահան։ Իր խղճի պաշտպանութիւնը վայելողը կարիք չի ունենայ ուրիշների պաշտպանութեան։ Գիտցիր ներել։ Մեծ իմաստութիւն է դա։ Ներել բոլորին, բոլորին, միայն ոչ քեզ, միայն ոչ քո թերութիւնները։ *** Չափազանց ծանր բեռ է յիշաչարութիւնը, դուն ներիր եւ անցիր։ Ներիր, քանզի յանցանքներ կան, որոնց մեծագոյն պատիժը ներումն է։ Եւ եթէ մի օր քեզ հարցրին, թէ ի՞նչ է ներումը՝ պատասխանիր ծանօթ հէքեաթի կոյր աղջկայ խօսքերով՝ «Դա անուշահոտութիւնն է, որ արձակում է մեզ համար ծաղիկը, երբ տրորում ենք այն»։ *** Անվերջ ինքնակատարելագործում,— ահա՛ թէ ինչ պէտք է լինի հանրային գործիչի կեանքը։ Նա պէտք է նախ մշակէ իրեն համար մտապատկերը կատարեալ առաջնորդի եւ ապա նրա հետ ամէն օր բաղդատութեան դնէ իր անձը։ *** «Լօզանի դաշնագիրը դատելու գործը պատմութեան կը թողնենք»։ Վա՜յ հայութեան, եթէ մեր սերունդը չընդունէ, թէ իրեն է ձգուած սրբելու Լօզանի արատը։ Վա՜յ նրա ապագային, եթէ մեր սերունդը չկարողացաւ վաղն ասել թրքութեան — «Հնչեց դատաստանի ժամը»։ * * * Մեղաւոր է մարդկութիւնը մեր հանդէպ, սակայն, անմեղ չենք եւ մենք։ Մերն է մեղքի մեծ բաժինը, քանզի մեր ձեռքն է բանալին այն բոլոր դրութիւնների, որոնց մէջ կ՚ուզէինք եւ կարող էինք լինել, քանզի մենք ենք մեր ճակատագրի ճարտարապետը։ *** Թրքութիւնը մեծ եւ անպարտելի է թւում հային, որովհետեւ հայ մարդը զոհ է ստրկական վախի։ Սակայն, թող հայը փորձի ոտքի կանգնել, թող ճգնի իր հայրենապաշտութեան միացնել զինուորական հրարուեստագիտութեան եւ քիմիայի ահաւոր ոյժը, այն ժամանակ ահաբեկուած հայը կը դառնայ ահաբեկիչ։ Եղի՛ր ահաբեկիչ,— ահա՛ մի ուրիշը ցեղային բարոյականի պահանջներից։ *** Նոր զէնքը Թրքութիւնը պատժելու մի հատիկ միջոց գիտեմ ես՝ նրան, հակառակ իր կամքին, դարձնել մեր փրկիչը։ Այդ միջոցը ուրիշ բան չէ, բայց եթէ գերազանցել նրան ռազմարուեստագիտաբար եւ հոգեբանօրէն։ Այսպիսով մենք ապահոված կը լինենք երկու բան,— առաջինը՝ մեր փրկութիւնը, երկրորդը՝ թրքութեան պատիժը։ Այո՛, ա՛յս ճամբով, այլապէս պիտի շարունակենք մեզ մահ սպառնացող թշնամու ոտքն ու ձեռքը սարդոստայնով կաշկանդելու միամիտ փորձեր կատարել։
Սա հայ ռազմաքաղաքական փիլիսոփայության հիմնասյուններից է ծնված 20-րդ դարի սկզբի իրողություններից, խարսխված մեր պատմության և փորձի վրա։ Նժդեհի այս գործը, որոշ վերապահումներով, այսօր էլ կարելի է դիտարկել որպես ժամանակակից ռազմաքաղաքական դոկտրինի հիմք՝ հարմարեցված միջազգային իրավունքի պահանջներին ու ներկայիս «խաղի կանոններին»
Ստորև ներկայացնում եմ գրքից մի մեջբերում, որը համարում եմ չափազանց կարևոր և ուսուցողական՝ հատկապես մեր նորագույն պատմության վերջին իրադարձությունների համատեքստում։
«Թշնամին միշտ էլ ոտք է դրել Հայաստանի հողի վրա, երբ մեր ցեղի քաղաքական ճակատագիրը վարողները զբաղված են եղել ներքին կռիվներով, երբ պառակտության ախտը ի դերև է հանել մեր ցեղի դասական քաջությունը։
Երբ մեր արիությանը միացած չի եղել մեր միաբանությունը, միշտ էլ չարաչար պարտությունն է եղել մեր բաժինը, իսկ երբ նախարար իշխան թագավոր եղել են հաշտ ու համերաշխ, միշտ էլ հաղթել է թևաբաց արծիվը հայոց։»