«Իմ ամենագեղեցիկ պարտությունը»,– ասել է Ֆոլքները «Շառաչ և Ցասում» (The Sound and the Fury, 1929) վեպի մասին, որը Քոմփսընների գերդաստանի բարոյական անկման և ողբերգական վախճանի պատմությունն է: «Դժվարամարսելի» այս ստեղծագործությունը նոր գրականության և նրա չափանիշների հաստատման առաջին փորձերից մեկն է: Քոմփսընների կյանքը ներքին մենախոսությամբ հերթով ներկայացնում են Բենջին` գերդաստանի կենդանի «անեծքը», 33-ամյա հոգեհիվանդ երեխան, Քվենթինը` հարազատ քրոջը (Քենդիին) սիրահարված և մտացածին արյունապղծությունից տառապող եղբայրը, Ջեյսընը` ամենագործնական և ամենանենգ Քոմփսընը... Վերջում հեղինակն ինքն է խոսք վերցնում` ներկայացնելով Դիլսիին` սևամորթ խոհարարուհուն:
Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ն ու Ֆոլքների «Շառաչ և Ցասում»-ը որոշ իմաստով կանխորոշեցին համաշխարհային գրականության հետագա ընթացքը` «շրջանառության մեջ դնելով» գիտակցության հոսքի և ներքին մենախոսության գրական մեթոդը, որը պատումին իր յուրօրինակ օրենքներն է թելադրում: