Ժողովածուի վերնագիրը շփոթեցնող է, թերեւս պետք է լիներ «Ակնարկներ արեւմտյան գրականության պատմության», որովհետեւ ներկայացված է միայն արեւմտյան մշակույթն ու գրականությունը: Սա նաեւ ցույց է տալիս մեր համալսարանների համակարգային մոտեցումը, երբ ամեն ինչ կենտրոնացած է արեւմտյանի վրա, երբ արտասահմանյան ասելով հասկանում ենք եվրոպականը միայն, ռուսականի մասին էլ չասեմ, որ դա առանձին ճյուղի է բաժանված ու իր կյանքով է ապրում ու գրեթե ոչ մի բան՝ հարուստ, ծավալուն ու խորքային արեւելյանի մասին: Տպավորություն է, թե աշխարհում այլ բան չկա:
Ինչեւէ, գիրքը ընդհանրական պատկերացում է տալիս ժամանակագրորեն ու ըստ մշակութային տարբեր հոսանքների, թե ինչպիսի փոփոխություններ է կրել գրականությունը եւ թե ինչ հիմնական բաներն են ներգործել դրա զարգացման վրա: Նախատեսված է ավելի շուտ ուսանողների համար, ովքեր նոր-նոր են ուսումնասիրում արեւմտյան գրականությունը, բայց հանրամատչելի է եւ յուրաքանչյուր ոք, ով հետաքրքրված է գրականությամբ, կարող է իր համար օգտակար մի բան ստանալ:
Անձամբ ինձ համար լիքը բաներ նորություն չէին, որովհետեւ բանասիրական բեքգրաունդ ունեմ: Ամեն դեպքում հետաքրքիր էր ու բովանդակալից: Ինձ դուր եկավ Անուշ Սեդրակյանի ինքնատիպ ձեռագիրը: Դանդաղ եմ կարդացել, զուգահեռ համացանցով հավելյալ բաներ եմ ուսումնասիրել գրքում արծարծվող թեմաների մասին եւ նոր հետաքրքիր գաղափաներ են ծնվել մոտս, որոնք այժմ փորձում եմ զարգացնել էսսեների տեսքով: