«Լուսին և վեցպենսանոց» վեպը անգլիացի հանրահայտ գրող Սոմերսեթ Մոեմի ամենանշանավոր ստեղծագործություններից է։ Գրվել է 1919 թ.-ին հեղինակի Թաիթի և Սամոա կատարած ճանապարհորդությունից հետո։ Գրքի վերնագիրը սիմվոլիկ է և ունի իր ենթատեքստը, որը մեկնաբանվում է մոտավորապես հետևյալ կերպ. իսկական արվեստը հարաբերվում է մանր բուրժուական կենցաղային մանրուքներին այնպես, ինչպես լուսինը չնչին արժեք ունեցող վեցպենսանոց դրամին։
Իրականում, մինչ գիրքը կարդալ սկսելը ծանոթ էի սյուժեին ու կարծում էի, որ մոտիվացնող գիրք է լինելու, բայց իմ դեպքում էդպես չեղավ։
Գիրքը արվետսի ամենազոր ուժի մասին էր, ինչը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մարդը կարող է ծնկի գալ գեղեցկության դեմ, իսկ արվեստը ինքնին գեղեցկություն է։ Մինչև վերջ էլ հակասական կարծիքներ էին պտտվում գլխումս Սթրիքլենդի մասին, բայց ավելի շատ հակված եմ նրան, որ Սթրիքլենդի մեջ անընդհատ պայքարում էին երկու էություններ՝ Սթրիքլենդ-մարդ ու Սթրիքլենդ-նկարիչ։ Ըստ նրա՝ էությունները խանգարում էին մեկը մյուսին, և մեկի հաջողությունը մյուսի պարտությամբ էր ավարտվելու։ Առհասարակ, գեղեցկությունը ստեղծվում է մարդկության համար, ու կապ չունի, թե մարդկությունը այն ինչ կերպ է ընկալում, կամ ընդհանրապես, ընկալում է, թե՝ ոչ, բայց Սթրիքլենդը, ըստ իս չէր ստեղծագործում մարդկության ժառանգության համար։ Եթե այդպես լիներ չէր ոչնչացնի այն, ինչը նրա գործունեության բուն նպատակն էր։ Կասկած անգամ չկա, որ նա էգոցենտրիկ կերպար էր։ Կարծում եմ՝ դա Սթրիքլենդ-նկարչի հաղթանակով էր պայմանավորված։ Համենայնդեպս դժվար է նրան հասկանալը էն դեպքում, երբ խիզախություն չունես նման բան անելու համար։ Սովորական հասարակական մարդու կյանքը հիմնված է հաշվարկների վրա, իսկ վարվել Սթրիքլենդի նման, նշանակում է ծովում բացել առագաստները, չկառավարել նավը և կախված լինել քամու ուղղությունից՝ սրտում ունենալով ափ հասնելու փափագ։ Կարծում եմ, վեպը ապացույցն էր նաև նրա, որ մարդկային կերպարանքը խանգարում է մեզ մոտենալ արվետին, մենք միայն ձգտում ենք նրան, բայց ոչ հասկանում ենք այն, ոչ էլ առավել ևս հասնում նրան։ Ու հա, ահավոր վանող կերպար էր Սթրյովը։ Մարդու այցետոմսերից մեկը սեփական անձի հանդեպ հարգանքն է։ Վեպում այս կերպարը շատ նվաստացուցիչ էր կերտված։ Վեպում մի հատված կար, որը վերաբերում էր սիրուն, ուղղակի ֆանտաստիկ հատված էր։ Ամենատպավորիչ տողը սա էր.<<եթե չկա ինքնազոհաբերում, ուրեմն դա լավ սքողված եսասիրություն է>>։Էս տողը մտածելու տեղիք տվեց
Ինձ համար մեկ անգամ կարդալու գիրք էր։ Հետաքրքիր էր, բայց միաժամանակ ձանձրացնող։ Արվեստը միակն է, որ մեզանից հետո դեռ երկար ապրում է, և գուցե դրա համար էլ արժի գնալ ցանկացած քայլի՝ այդ արվեստին կյանք հաղորդելու։