Ազնավուրի ֆենոմենը և նրա հանդեպ մեր ժողովրդի յուրահատուկ սերը հասկանալու համար պետք է հիշել մի կարևոր հանգամանք. Նա մեր կողքին էր, երբ մենք ամենից շատ էինք զգում նրա կարիքը։
Նա մեր կողքին էր 88-ի դեկտեմբերի 7-ին, երբ ցնցումից և կորստի ցավից մենք չգիտեինք ինչ անել։ Գիտեինք, որ պետք է հասցնել փրկել նրանց, ովքեր փլատակներում են, բայց ոչ ավելին։ Ինչպես ապրել ցավը սրտում, ինչպես կառուցել տուն, երբ ապրողները չկան։ Ազնավուրը մեր կողքին կանգնեց մեզ համար ամենացավոտ պահին, երբ մենք ամենից շատ ունեինք մեզ հուսադրողի կարիքը:
Նա մեր կողքին էր, երբ մի օր պարզեցինք, որ ուղղակի սառչում ենք, որ Երևանում՝ Հայաստանի մայրաքաղաքում, սննդամթերք չկա։ Ազնավուրյան օգնությունը մեր մութուցուրտ տները մտավ նաև որպես անշահախնդիր վճար՝ բոլոր երևանցիների օգտագործած էլեկտրաէներգիայի համար։
Հայ ժողովուրդը սիրում է Ազնավուրին, որովհետև առաջին անգամ մենք տեսանք, թե ինչ է Սփյուռքը։ Եվ մենք տեսանք, թե ինչ կարող է անել մեկ մարդը։ Նա հայտնվեց, երբ ոչ ոք չէր սպասում, օգնեց, երբ ոչ ոք չէր խնդրում, և մնաց, երբ շատերը հեռացան։ Ահա թե ինչով է բացատրվում այն, որ շատերը, գուցե չգիտեն մեծ շանսոնյեի երգերի մեծ մասը, գուցե չեն հասկանում նրա ֆրանսերեն երգերը, բայց սիրում են առանց նախապայմանի, անկեղծորեն ու երախտագիտությամբ լի սրտով։